Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները և կարգավորել դրանց շնորհման, հանձնման հետ կապված հարաբերությունները
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, շնորհելու, հանձնելու և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակների դափնեկիրների կրծքանշանների նկարագրությունները, ձևերը և դափնեկիրների վկայագրերի ձևերը հաստատելու մասին» N 1557-Լ որոշմամբ:
Վերոնշյալ որոշումը բավականին ծավալուն է, բացի այդ մի շարք հարցերի կարգավորումը դրված է Կառավարության վրա, այդ թվում՝ պետական մրցանակ շնորհելու մասին որոշում ընդունելը, ինչն անհարկի ծանրաբեռնում է Կառավարության գործունեությունը և աննպատակահարմար է:
Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների կարևորությունը՝ առավել քան անհրաժեշտ է դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորել օրենքով՝ միաժամանակ վարչապետին վերապահելով պետական մրցանակներ շնորհելու լիազորությունը: Մինչդեռ, Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Վերոհիշյալը վկայում է «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:
«Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագծով սահմանվել են ՀՀ պետական մրցանակները,
- սահմանվել են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները,
- նախատեսվել է ՀՀ մրցանակների շնորհման և հանձնման կարգը,
- սահմանվել են պետական մրցանակների հավաստիքները, այդ թվում՝ դրամական պարգևները և դրանց չափերը,
- նախատեսվել է այն հարցերի շրջանակը, որոնց կարգավորումը թողնվել է Կառավարությանը,
- կարգավորվել են ՀՀ պետական մրցանակների հետ կապված այլ հարաբերություններ:
Հավելենք, որ նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
Նախագծի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների բաղադրիչները կլինեն.
- Գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում որպես ՀՀ պետական մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի կրծքանշան, վկայագիր և դրամական պարգև` առավելագույնը 5 000 000 դրամի չափով:
- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում որպես ՀՀ պետական մրցանակ շնորհվում են դափնեկրի վկայագիր և դրամական պարգև` առավելագույնը 5 000 000 դրամի չափով:
- Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար որպես ՀՀ պետական մրցանակ շնորհվում են հուշամեդալ, վկայագիր և հուշախորհրդանիշ, իսկ որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական ՀՀ պետական մրցանակներ (յուրաքանչյուր անվանակարգի համար) շնորհվում են համանուն վկայագիր, հուշախորդանիշ և դրամաշնորհ՝ առավելագույնը 5 000 000 դրամի չափով։
- Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի համար շնորհվում են մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան՝ այն հավաստող հավաստագրով, 100 000 000 դրամ դրամական պարգև և 50 000 000 դրամ դրամական միջոցներ՝ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով տնօրինելու իրավունքով:
- 50 000 000 դրամ դրամական միջոցները, մրցանակ ստանալու հաջորդ երկու տարվա ընթացքում, օգտագործվում են Հայաստանի Հանրապետությունում աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար ըստ հետևյալ նպատակների՝
1) 25 000 000 դրամը՝ գիտական հետազոտությունների աջակցության մրցույթի կազմակերպմանը.
2) 12 500 000 դրամը՝ գիտաշխատողների՝ Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններ գործուղումների ֆինանսավորմանը.
3) 7 500 000 դրամ՝ Հայաստանի Հանրապետությունում գիտաժողովների կազմակերպմանը.
4) 3 600 000 դրամ պետական բուհերում մագիստրոսի ուսումնական ծրագրով ուսումնառող ուսանողների կրթաթոշակներին ուղղելու համար.
5) 1 400 000 դրամը՝ դափնեկրի (դափնեկիրների) և մրցանակի արժանացած աշխատանքի հանրայնացման համար:
- Մրցանակակիրը սույն հոդվածի 5-րդ մասի 2-5-րդ կետերով նախատեսված միջոցառումների ֆինանսական միջոցների չօգտագործման կամ ոչ լրիվ օգտագործման դեպքում հավելյալ միջոցներն ուղղում է սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված մրցույթի կազմակերպմանը, իսկ վերջինիս ֆինանսական միջոցների չօգտագործման կամ ոչ լրիվ օգտագործման դեպքում հավելյալ ֆինանսական միջոցները գումարում է գիտական հետազոտությունների աջակցության հաջորդ մրցույթի կազմակերպման ֆինանսական միջոցներին:
- Սույն հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացման պայմանների մշակումը, հայտերի ընդունումը, դափնեկրի (դափնեկիրների) հետ համատեղ ընտրության կատարումը և սույն հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի շրջանակներում իրականացվող միջոցառումների համակարգումը, ինչպես նաև ծրագրերի իրականացման վերահսկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից:
- 8. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրամական միջոցները մրցանակակրին են փոխանցվում պայմանագրի հիման վրա, որով սահմանված պայմաններով մրցանակակիրը սույն հոդվածի 5-րդ մասի 1-5-րդ կետերով նախատեսված միջոցառումների ֆինանսական միջոցների օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կողմից ստեղծված հանձնաժողովին է ներկայացնում ընթացիկ (12-ամսյա), իսկ ավարտից հետո` ամփոփիչ հաշվետվություն:
- 9. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված պայմանագրի ձևը սահմանվում է ֆինանսների ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի կողմից:
- 10. Գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների, բնագավառներում շնորհվող Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիրների վկայագրերի ձևը, դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը և ձևը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում շնորհվող պետական մրցանակի դափնեկիրների վկայագրի ձևը, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար դափնեկիրների հուշամեդալի, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում՝ համաշխարհային ներդրման համար և կրթական պետական մրցանակների դափնեկիրների հուշախորհրդանիշների նկարագրությունը և ձևը, Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի դիպլոմի ձևը, պատվոնշանի ձևը և նկարագիրը, պատվոնշանը հավաստող հավաստագրի ձևը սահմանվում են Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով: