Ներառական կրթության ներդրման համար մի շարք խնդիրներ պետք է հաղթահարվեն. կայացավ հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի ժողովը

Այսօր՝ փետրվարի 20֊ին,  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում իրականացվող «Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի (ՀԵՄԿ) կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում ստեղծված կոալիցիայի ժողովը։

Կոալիցիան իրականացնում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհային «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագիրը՝ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում:

«Ծրագրի հիմնական նպատակն է վեր հանել ներառական կրթության հիմնախնդիրները, ստեղծել աշխատանքային խմբերը և այդ խմբերի հետ համատեղ քննարկել ու լուծումներ տալ այդ խնդիրներին, մշակել հայեցակարգ և ներկայացնել նախարարությանը»,-նշեց «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրի ղեկավար Նաիրա Առաքելյանը:

Նրա խոսքով, առավել շատ այս մարզերում կարիք կար ծրագիրն իրականացնելու, քանի որ, օրինակ, Արմավիրի մարզում 2018 թվականից է սկսվեց հատուկ դպրոցների վերակազմակերպման գործընթացը, իսկ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Կոտայքի մարզերում հատուկ դպրոցներ չկան:

Փորձագետ Սերոբ Խաչատրյանը տեսակապի միջոցով միացավ միջոցառմանը ներկա գտնվողներին և ներկայացրեց այդ մարզերում ներառական կրթության մշտադիրտարկման զեկույցը: Նա նշեց, որ յուրաքանչյուր մարզում դիտարկվել է 3 դպրոց:

«Եղել են խորացված հարցազրույցներ դպրոցների տնօրենների հետ, աջակցության թիմի ներկայցուցչի հետ, ծնողների հետ կազմակերպվել են ֆոկուս-խմբային քննարկումներ, ինչպեսև իրականացվել է դպրոցի ընդհանուր ֆիզիկական միջավայրի գնահատում:

Մենք փորձել են հասկանալ հետևյալ խնդիրները՝ ինչպես է տեղի ունենում երեխաների կրթական կարիքների գնահատումը, ինչպես է իրականացվում երեխաների աջակցությունը, ինչպես է տեղի ունենում երեխաների ներառումը բուն ուսումնական պրոցեսին և ինչպես է տեղի ունենում համագործակցությունը ծնողների և դպրոցի միջև»,-նշեց Սերոբ Խաչատրայնը:

Նրա խոսքով, երեխաների կրթական կարիքների խնդիրը շարունակում է սուր մնալ: Ծնողներն իրենց երեխաներին ներառական կրթության մեջ ընդգրկելու համար մեծամասամբ ավելի թեթև են ներկայացնում խնդիրները, որոնք իրականում ավելի խորն են լինում: Բացառիկ դեպքեր են լինում նաև սրան հակառակ, երբ թեթև խնդիրը բարդացվում է ծնողի կողմից:

Սերոբ Խաչատրյանը նշեց, որ Հայաստանում ներառական կրթության համակարգի ներդնումը հաջողելու համար հարկավոր է ամբողջ կրթական համակարգի օպերացիոն կառուցվածքը փոխել: Նա նշում է, որ այնպիսի առաջարկություններ են մշակվել, ինչպիսիք են Հայաստանում ստեղծել ներառական կրթության մասնակիցների համար վերապատրաստումներ իրականացնող թիմի կազմավորումը, որն ուսումնասիրած կլինի միջազգային փորձը և իսկապես լավատեղյակ կլինի խնդրին: Այն, որ այս բաղադրիչն ուժեղացվի մանկավարժական համալսարաններում, քանի որ ներկայումս ներառական կրթության իրականացման համար խնդիր է նաև ուսուցիչների ընդդիմությունը: Բացի սրանցից, պետք է ստեղծել նաև դպրոցների հաջողված փորձի քարտեզ, կատարել ֆինանսական հաշվարկ, թե ինչ կարժենա Հայաստանի համար ներառական կրթության ներդնումը:

Վայոց Ձորի զարգացման «Հույս-98» ՀԿ ներկայացուցիչ Ալմաստ Սաֆարյանը նշեց, որ հարց է՝ մինչ այժմ որևէ ներառական դպրոցում եղե՞լ է գնահատում, թե ներառական կրթությամբ հանրակրթական դպրոցներում ընդգրկված երեխաների մոտ ինչպիսի առաջընթաց է գրանցվել: Կամ նույնանման երեխաների մոտ ինչն է պատճառը, որ մի երեխան լավ առաջադիմություն է ունենում, մյուսը՝ ոչ:

«Լուրջ հարց է նաև, թե երեխաների գնահատումն ինչպես է իրականացվելու. երեխաներին 130կմ անց են կացնում, հասցնում Երևան, ինչը երեխայի համար հոգեբանական այլ պայմաններ է ենթադրում և երեխան ուրիշ արդյունք է ցույց տալիս»,-նշում է նա:

Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիայի նախագահ Արման Ղազարյանի խոսքով, ներառական կրթության ծրագրով ընդգրկված երեխաների վերագնահատման համար մարզերում հարկավոր են մասնագետներ: «Գնահատումը, որը կատարվում է 1-2 ժամվա ընթացքում, չի կարող արդյունավետ համարվել, որովհետև երեխան իր միջավայրում չէ, իրեն ազատ չի զգում և դա բավականին շատ ազդում է իր վարվելակերպի, թեստային գնահատման վրա»,-նշեց նա:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Մելինե Այվազյանը ներկայացրեց «Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի՝ ՀԵՄԿ-ի կարողությունների զարգացում» ծրագրի նպատակը:

Մելինե Այվազյանի խոսքով, ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել ՀԵՄԿ-ը՝ հանուն համընդհանուր ներառականության և սոցիալական աջակցության։

Նա նշեց նաև, որ ծրագրի առանձնահատուկ նպատակներն են՝

  • Իրականացնել կոալիցիայի անդամ կազմակերպությունների կարիքների  գնահատում,
  • Զարգացնել կոալիցիայի ներքին և արտաքին կարողությունները,
  • Զարգացնել կոալիցիայի ոլորտային՝ ներառական կրթության և սոցիալական աջակցության կարողությունները,
  • Համախմբել կոալիցիայի ուժերն ու կարողություններն՝ ի նպաստ հանրային քաղաքականությունների իրականացման։

Հավելենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել