Առաջիկայում կունենանք 30 տոկոս աշխատավարձի բարձրացում․ Արմեն Ղուկասյան

Հայ-Ռուսական համալսարանում ՀՀ ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Արմեն Ղուկասյանը «ՀՀ ոստիկանության գործունեության արդի հիմնախնդիրները մարդու իրավունքների ապահովման համատեքստում» թեմայով դասախոսություն է կարդացել համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար: Այս մասին հայտնում են ռուս-հայկական համալսարանից:

Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում ոստիկանների թվաքանակն ամենացածրն է ԱՊՀ երկրների շարքում: «Խոսքը վերաբերում է ոչ է բացարձակ, այլ հարաբերական թվերին՝ բնակչության թվաքանակի հաշվարկով, զիջում է նաև եվրոպական երկրների ցուցանիշներին՝ հիմնականում Սկանդինավյան երկրներին, որոնք շատ քիչ քանակի ոստիկանական ուժեր ներգրավելով, կարողանում են ունենալ բարձր արդյունքներ (այդ երկրներում կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ և շատ ոստիկաններ ունենալու կարիքը չկա)»,- նշել է Արմեն Ղուկասյանը՝ հավելելով, որ ԱՊՀ-ում ՀՀ ոստիկանությունն առաջատարն է արդյունավետության առումով:

ՀՀ ոստիկանության շտաբի պետը հայտնել է, որ 2018թ.-ին ՀՀ-ում գրանցվել է 11.2 տոկոս հանցագործությունների աճ: «Եթե դիտարկենք Հայաստանի երրորդ Հանրապետության 28 տարիների ցուցանիշները, մենք ունեցել ենք 34 տոկոսանոց աճ, իսկ ընդհանրապես երկնիշ աճեր այս տարիներին եղել են վեց անգամ: Խնդիրը նրանում է, թե մենք ինչպես ենք կարողանում մեր ուժերը վերախմբավորել և արդյունավետ պայքար տանել հանցավորության դեմ»,- շեշտել է նա:

Ղուկասյանի գնահատմամբ՝ շատ կարևոր է հասարակության կողմից իրենց անվտանգության մակարդակի գնահատականը, այդ թվում՝ հանցավորության մակարդակը, ոստիկանության կենտրոնացվածության աստիճանը, տեղեկատվության բաց և հանրամատչելի լինելը:

«Բոլոր քաղաքակիրթ երկրներում ընդունված մեթոդաբանությամբ անկախ կազմակերպությունների կողմից պարբերաբար իրականացվում են հետազոտություններ, որոնք ուղղված են պարզելու ոստիկանության աշխատանքի գնահատվածության աստիճանը հասարակության կողմից: Վերջին նման հետազոտությունը Հայաստանում անցկացվել է 2011թ.-ին, երբ ցավով պարզեցինք, որ Ոստիկանության հեղինակությունը 36 տոկոս էր մայրաքաղաքում, իսկ մարզերում՝ 23.6 տոկոս, ինչը բավական ցածր ցուցանիշ է (օրինակ՝ Սկանդինավյան երկրներում մոտ 93 տոկոս է): Իմ խորին համոզմամբ՝ մենք այդպիսի հետազոտություններ պետք է անենք ամեն տարի, և հենց այդ հետազոտությունները պետք է դրվեն ոստիկանության տվյալ տարածքային մարմնի գործունեության հիմքում»,- նշել է պաշտոնյան:

Բանախոսը անդրադարձել է նաև ՀՀ ոստիկանության համակարգում կադրային համալրման խնդրին:

Արմեն Ղուկասյանի դիտարկմամբ՝ 2008թ.-ին հանցագործությունների քանակը մոտ 8000 էր, իսկ 2018թ-ին այդ թիվն անցել է 22 հազարը (հանցագործությունների քանակը վերջին տասը տարվա ընթացքում աճել է շուրջ 2,5 անգամ): «Ոստիկանական համակարգի յուրաքանչյուր աշխատողի վրա ահռելի ծանրաբեռնվածություն է ավելացել վերջին տարիներին: Պետք է ընդգծեմ նաև, որ վերը նշված ժամանակահատվածում մեր համակարգի աշխատողների աշխատավարձերը չեն ավելացել, իսկ դա այսօր լուրջ խնդիր է, որը բարձրացվել է երկրի ղեկավարության առջև, և մենք առաջիկայում կունենանք գոնե 30 տոկոս աշխատավարձի բարձրացում: Ցավոք, հենց այս խնդիրն է պատճառ հանդիսանում, որ մեր համակարգից պրոֆեսիոնալների արտահոսք է տեղի ունենում դեպի դատական համակարգ, Քննչական կոմիտե և դատախազություն»,- հայտնել է նա:

Դասախոսության ավարտից հետո ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը պատասխանել է ներկաներին հուզող բազմաթիվ հարցերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել