Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում զննման ենթարկելով Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Մ.Մ-ին՝ նրա մարմնի տարբեր հատվածներից հայտնաբերել են ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված յոթ փաթեթ՝ 649.6 գրամ ընդհանուր քաշով դեղնասպիտակավուն զարդերի պարունակությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քաղաքացի Մ.Մ-ի հայտարարության համաձայն՝ դրանք ոսկյա զարդեր են։
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն` ՀՀ Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով։