ՀՔԾ. ոստիկանության պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Կ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ավագ հաշվապահի պաշտոնը, 2015-2018թթ-ի ընթացքում հափշտակել է իրեն վստահված առաձնապես խոշոր չափերով՝ 109.340.580 ՀՀ դրամ գումարը, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից:

Ըստ մեղադրանքի` 2015-2018թթ-ի ընթացքում մի շարք ՍՊ ընկերություններին մատուցած պահպանության ծառայությունների դիմաց գնդի ծառայողներն այդ ընկերություններից յուրաքանչյուր ամիս կանխիկ գումարներ են ստացել, որոնք համապատասխան հաշվեհամարին մուտքագրելու նպատակով հանձնել են գնդի ավագ հաշվապահ Կ. Մ.-ին: Վերջինս, սակայն, ստացված գումարները չի մուտքագրել գնդի արտաբյուջետային հաշվեհամարին և մաս-մաս յուրացնելով` հափշտակել է իրեն վստահված առաձնապես խոշոր չափերով՝ 109.340.580 ՀՀ դրամ գումարը:

Նախաքննության ընթացքում Կ. Մ.-ի կողմից հափշտակված գումարն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել