Սրճարաններում, բարերում, գազալցակայաններում և ինտերնետ ակումբներում կարգելվեն շահումով խաղերի կազմակերպմամբ զբաղվող կայքերը

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նոր օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքը լրացնել հետևյալ նոր կարգավորմամբ.

«4) Հանրային նշանակության օբյեկտները (սրճարան, բար, ռեստորան, հյուրանոց, ինտերնետ ակումբ (սրահ), գազալցակայան, առևտրի սրահ, զվարճանքի և հանրային սպասարկման այլ վայրեր) շահագործող անձինք պարտավոր են արգելափակել ՀՀ տարածքում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի հասանելիությունը:

Նշված պահանջի  խախտումը կառաջացնի տուգանք՝ արգելափակման ենթակա կայքերի հասանելիություն ունեցող յուրաքանչյուր սարքավորման համար՝ մեկ միլիոն ՀՀ դրամի չափով:

Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ է կմտնի 2019 թվականի հոկտեմբերի 1-ից:

Հիմնավորման մեջ Ալեն Սիմոնյանը նշել է. «Վերջին շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների արագընթաց զարգացումները, ներթափանցելով հասարակական կյանքի տարբեր բնագավառներ՝ հանգեցրել են հասարակության լայն շերտերի ներգրավմանը նախկինում ոչ այնքան հասանելի ոլորտներ? Ասվածի օրինակն է ՀՀ-ում տարածման նոր թափ ստացած ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի ոլորտը, ինչը, պայմանավորված զարգացման ներկա տեմպերով, առաջ է բերում պետական վերահսկողական լրացուցիչ գործիքակազմի անհրաժեշտություն:

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) թեեւ նախատեսում է որոշակի տարածքային սահմանափակումներ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման առնչությամբ, այնուամենայնիվ հանրային նշանակության որոշ օբյեկտներ դուրս են մնում դրա կարգավորման սահմաններից:

Գործող օրենսդրական կարգավորմամբ ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել միայն որոշակի մարզերի վարչական սահմաններում` կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության սահմանած հեռավորությամբ եւ չափանիշներին համապատասխան տարածքներում:

Նշված կարգավորման շրջանակներից այնուամենայնիվ դուրս են մնում հանրային նշանակության այնպիսի օբյեկտները (օրինակ՝ սրճարաններ, ռեստորաններ, ինտերնետ ակումբներ եւ այլն), որոնք հասարակության տարբեր շերտերի բավականին մեծ հոսք են ապահովում եւ օբյեկտիվորեն օժտված են ինտերնետ շահումով խաղերը վերջիններիս համար հասանելի դարձնելու հնարավորությամբ:

Տվյալ պարագայում, ելնելով խաղային ոլորտում պետության վերահսկողական գործառույթների ամբողջական եւ արդյունավետ իրականացման խնդրից, անհրաժեշտություն է առաջանում պաշտպանել նաեւ հանրության խոցելի խմբերի շահերը, որոնք կարող են վտանգվել ինտերնետ շահումով խաղերի հնարավոր բացասական ազդեցության հետեւանքով:

Ուստի, ներկայացվող նախագծով առաջարկում ենք Օրենքի 6-րդ հոդվածում կատարել լրացում՝ հանրային նշանակության օբյեկտներում (սրճարան, բար, ռեստորան, հյուրանոց, ինտերնետ ակումբ (սրահ), գազալցակայան, առեւտրի սրահ, զվարճանքի եւ հանրային սպասարկման այլ վայրեր) ինտերնետ շահումով խաղերի կայքերի (ՀՀ տարածքում լիցենզիա ստացած) հասանելիությունը արգելափակելու նպատակով:

Նշված սահմանափակումը կնպաստի հասարակության լայն շերտերի, մասնավորապես անչափահասների կողմից որպես ժամանց ինտերնետ շահումով խաղերով հրապուրվելու վտանգի վերացմանը՝ մասնավորապես հաշվի առնելով վերջին շրջանում խաղային ոլորտում ահագնացող տեմպերով տարածվող գովազդային ալիքը:

Բացի այդ, արգելափակելով ՀՀ-ում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի հասանելիությունը հանրային ժամանցի օբյեկտներում, պետությունը կնպաստի հասարակության խոցելի խմբերի շահերի պաշտպանությանը եւ առհասարակ, քաղաքացու կենսագործունեության համար առավել անվտանգ միջավայրի ձեւավորմանը»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել