Հագենի Համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Որոշեցի մի անգամ ևս իմ ծառայությունն առաջարկել մեր պետությանը ու դիմեցի Հանրապետության նախագահին սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջարկելիս նաև իմ թեկնածությունը հաշվի առնելու խնդրանքով։
Նորից համառոտ ներկայացնում եմ այդ հարցին վերաբերելի իմ կենսագրական տվյալները․
1․ ունեմ 5 համալսարանական կրթություն (երկուսը՝ Հայաստանում, երեքը՝ Գերմանիայում),
2․ ունեմ և՛ հայկական, և՛ գերմանական բարձրագույն իրավաբանական կրթություն (համապատասխանաբար ԵՊՀ և Բեռլինի Հումբոլդտի անվան Համալսարան),
3․ ունեմ իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան (Doctor iuris) սահմանադրական իրավունքի ոլորտում՝ շնորհված Բեռլինի Հումբոլդտի անվան Համալսարանի կողմից,
4․ դոկտորական աշխատանքիս թեման եղել է հայկական և գերմանական սահմանադրական դատարանների համեմատությունը հիմնական իրավունքների պաշտպանության ոլորտում,
5․ ունեմ կառավարման գիտությունների մագիստրոսի աստիճան (Magister rerum publicarum)՝ շնորհված Շպայերի Կառավարման գիտությունների գերմանական համալսարանի կողմից,
6․ 2001 թվականից աշխատում եմ իրավունքի ոլորտում, ունեմ ՀՀ սահմանադրական դատարանում աշխատանքի 7,5 տարվա փորձ ու ամենայն մանրամասնությամբ ծանոթ եմ սահմանադրական դատարանի գործունեությանը նաև ներսից,
7․ 2014 թվականից Հագենի Համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ եմ, դասավանդում եմ պետական և սահմանադրական իրավունք, ինչպես նաև եվրոպական իրավունք,
8․ 2018 թվականից Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Ոստիկանության և անվտանգության կառավարման ֆակուլտետի դոցենտ եմ, դասավանդում եմ «Մարդու հիմնական իրավունքներ» առարկան (Գերմանիայի դաշնային սահմանադրությունում, Բեռլինի սահմանադրությունում, Մարդու իրավունքների եվր․ կոնվենցիայում և Եվրամիության Հիմնական իրավունքների խարտիայում ամրագրված հիմնական իրավունքները),
9․ այս տարվա հունվարից վարչական իրավունք և ոստիկանական ու հասարակական կարգի պահպանության իրավունք եմ դասավանդում Բեռլինի Baumann Bildung und Qualifizierung մասնավոր ուսումնական հաստատությունում,
10. պրակտիկա եմ անցել Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանում (դա յուրաքանչյուր գերմանացի իրավաբանի երազանքն է),
11․ քանի որ հայկական սահմանադրությունը մեծ մասամբ ընդօրինակված է գերմանական Հիմնական օրենքից, իսկ հայկական սահմանադրական դատարանի լիազորություններն ու վարույթները գրեթե ամբողջությամբ ընդօրինակված են Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանից, ուստի գերմանական իրավունքի իմացությունը ՀՀ Սահմանադրական դատարանում աշխատելու համար չափազանց կարևոր է,
12․ բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ եմ (լույս ընծայված Հայաստանում և Գերմանիայում),
13․ երկու անգամ եղել եմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը G-20 երկրների գագաթաժողովի ժամանակ (Բոննում և Համբուրգում 2017 թ․),
14․ գիտեմ 4 օտար լեզու (գերմաներեն, անգլերեն, ռուսերեն ու (մի քիչ) ֆրանսերեն),
15․ միայն ՀՀ քաղաքացի եմ, 40 տարեկան, ծառայել եմ հայկական բանակում»։