ԱԱԾ-ի և ոստիկանության բացահայտումը՝ համայնքի մի շարք պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահման մասին

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ միջգերատեսչական համագործակցությունը շարունակվում է։ Մասնավորապես՝ Ոստիկանության և ԱԱԾ-ի համատեղ միջոցառմամբ օրերս բացահայտվեց առանձնապես խոշոր չափի գումար յուրացնելու դեպք։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Հանցագործության վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Աշտարակի բաժնի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին։
Արդյունքում պարզվեց, որ Արագածոտնի մարզի Ուշի համայնքի մի շարք պաշտոնատար անձինք, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2017-19 թվականների ընթացքում յուրացրել են 3,2 միլիոն դրամից ավելի գումար։

Միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պաշտոնյաները յուրացրել են 2017 թվականի սեպտեմբերից մինչ օրս համայնքապետարանում որպես հավաքարար հրամանագրված անձի անվամբ դուրս գրված 1,430,000 և նույն տարվա նոյեմբերին, Ուշիի բարեկարգման համար շինանյութ գնելու պատրվակով համայնքի բյուջեից դուրս գրված, ընդհանուր՝ 820 հազար դրամ գումարները։
Պարզվել է նաև, որ համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու պատրվակով 2017-18 թվականներին կեղծվել է համայնքի շուրջ 17 քաղաքացու դիմում ու ստորագրություն, և յուրացվել՝ շուրջ 950 հազար դրամ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութը՝ ոստիկանության 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել