Կառավարության նիստում քննարկվել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է որպես պարտադիր պահանջ սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի ամսական վճարման հնարավորությունը: Գործադիրն օրինագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չի ներկայացրել:
Կառավարությունն առարկություններ չի ներկայացրել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Փոփոխությունը վերաբերում է օրենքի գործողության ժամկետի երկարաձգմանը՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և վերադառնալ հայրենիք՝ ազատվելով քրեական հետապնդումից:
Անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այստեղ ևս խնդիր է առկա. «Մեր իրավապահ մարմինների կողմից հետախուզվողների մոտավորապես 85-90 տոկոսը ժամկետային զինծառայությունից խուսափածներ են: Սա ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառն այն է, որ շատերը Հայաստանից արտագաղթել են այն ժամանակ, երբ դեռ զորակոչային տարիքի չեն եղել: Սակայն դա նրանց չի ազատում օրենքի առաջ ունեցած պարտականությունից: Եվ ևս մեկ անգամ կոչ եմ անում մեր հայրենակիցներին, որ նրանք իրենց զորակոչային պարտականությունները կատարեն՝ վերադառնալով Հայաստան և ժամկետային ծառայություն անցնելով Հայաստանի զինված ուժերում: Բայց մենք չենք կարող ասել, որ այս օրենքը միշտ լինելու է: 2017 թվականի դեկտեմբերին նախորդ կառավարությունն արձանագրել էր, որ այլևս այս օրենքը չի լինելու: Դրանից հետո քաղաքական իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել և մենք կարիք ունենք հասկանալու, թե այս նոր իրավիճակում ինչ արձագանք կստանա այս օրեսդրական նախաձեռնությունը մեր հայրենակիցների շրջանում: Այո կան արձագանքներ, բայց չենք կարող ասել, որ այս հնարավորություններից օգտվողների թիվը շատ է»::
Կառավարության ղեկավարը նշել է, որ այս մեխանիզմի հետագա գործարկմՙան հարցը պարզ կդառնա այս մեկ տարվա ընթացքում:
«Շատ հնարավոր է, որ իսկապես գանք այն եզրակացության, որ այս մեխանիզմի հետագա գործարկումն իմաստ չունի: Եթե սա, օրինակ՝ ներգաղթին չի խթանում շոշափելի ծավալներով, պաշտպանության նախարարության եկամուտների վրա էական ազդեցություն չի ունենալու, ինչի՞ համար ենք այս մեխանիզմը պահում: Այսինքն՝ սա ընդամենը մի միջանկյալ գործողություն է, որ մենք հիմա անում ենք», – նշել է Նիկոլ Փաշինյանը: