ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում փոստային առաքումների ընթացքում տեղ գտած մի շարք խնդիրների շուրջ։
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Անրի Վարդանյանը, փոստային գործունեությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարներ։
Արմեն Արզումանյանը նշել է, որ հանդիպումը պայմանավորված է նախարարությունում հունվարի 17-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում փոստային գործունեությամբ զբաղվող ընկերությունների կողմից բարձրացված խնդիրների հնարավոր լուծման տարբերակները շահագրգիռ բոլոր կողմերի պատասխանատուների հետ համատեղ քննարկման անհրաժեշտությամբ:
Նա նշել է նաև, որ նախորդ հանդիպումից հետո «Գլոբբինգ», «Օնեքս», «Քրոնոգարանտ», «Ամերիքան գլոբալ գրուփ», «Ջեթ Լայն Կարգո», «Մեյլ-Էքսպրես», «Էքսպրես Հայկ» ՍՊ ընկերություններն իրենց գործունեության հետ կապված մի շարք խնդիրների վերաբերյալ, որոնք պարզաբանման կարիք ունեն, նախարարությանը գրավոր նամակ է հղել:
Հանդիպման ընթացքում ներկայացված խնդիրները հիմնականում վերաբերում էին մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, փոստային առաքանիներում դեղերի արգելքին, փոստային առաքանիներում արգելված առարկաների առգրավման և հետագա ոչնչացման հետ կապված հարցերի կանոնակարգմանը, էլեկտրոնային տարբերակով դիմումների ներկայացման հնարավորությանը, փոստային առաքումների համար արտահանման ռեժիմի պարզեցմանը և այլն։
Բարձրացված հարցադրումների շրջանակում Շուշանիկ Ներսիսյանը տեղեկացրել է, որ ներկայում Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ սկսվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու գործընթացը, որի համաձայն՝ փոստային առաքանիներում կթույլատրվի որոշակի քանակությամբ դեղերի ներմուծումը։ Առաջիկայում նշված օրենքի նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը: Նա նաև պարզաբանել է, որ մաքսային ընթացակարգերի պարզեցման շրջանակում որոշում է կայացվել ավելացնել մաքսային զննություն իրականացնող աշխատակիցների թիվը, իսկ «Rapidscan» սարքավորումների քանակն ավելացնելու խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է և ներկայում դիտարկվում է սարքավորման ավելացման հնարավորության հարցը:
Անրի Վարդանյանը էլ հավելել է, որ մշակվում է համապատասխան ընթացակարգ, համաձայն որի՝ կկարգավորվեն փոստային առաքանիներում արգելված առարկաների առգրավման և հետագա ոչնչացման հետ կապված հարցերը:
Ծավալված ակտիվ քննարկման ընթացքում Անրի Վարդանյանը «Տրանսիմպեքս», «Ամերիքան գլոբալ գրուփ», «Քրոնոգարանտ» ՍՊ ընկերությունների ղեկավարներին հրավիրեց Արևմտյան մաքսատուն՝ իրենց բարձրացված մաքսային զննման ընթացակարգերի հետ կապված խնդիրները տեղում առավել մանրամասն քննարկելու համար:
Անդրադառնալով էլեկտրոնային տարբերակով դիմումների ներկայացման հնարավորությանը` տեղեկացվել է, որ փետրվարի 6-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արևմտյան մաքսատանը, նախարարության և ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկման արդյունքում այս խնդիրն արդեն կարգավորվել է:
Արմեն Արզումանյանը և Շուշանիկ Ներսիսյանը հանդիպման ավարտին նշել են, որ ընկերությունների բարձրացրած հարցերը մշտապես կլինեն ուշադրության կենտրոնում, և քայլ առ քայլ բոլոր խնդիրներին լուծում կտրվի: