«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առերես հարցաքննությունը տեղի է ունեցել Մեղրի-Կապան հատվածի երկաթգիծն ապամոնտաժելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում:
Իրավաբան.net-ի հետ զրույցում հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ տեղեկությունը չեն մեկնաբանում:
Սույն քրեական գործը հարուցվել է «ՍիվիլՆեթ»-ի հրապարակման հիման վրա, որի վրաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն տարածել էր մամուլի հաղորդագրություն: Նախնական տվյալներով` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի հիման վրա՝ 01.06.2008թ. հանձնման-ընդունման ակտերի համաձայն՝ Երևան-Բաքու երկաթգծի Մեղրի-Կապան հատվածը՝ շուրջ 40 կմ. երկարությամբ, հանձնվել է ընկերությանը՝ 126.590.817 դրամ մնացորդային արժեքով, սակայն 2010-2011 թվականների ընթացքում երկաթգծի նշված հատվածն ամբողջությամբ ապամոնտաժվել և հափշտակվել է: