Հետաքրքիր է ինչքան «վատություն» ենք արել մենք՝ հայերս չինացիներին, որ իրենց ամենասարսափելի անեծքը՝ փոփոխությունների դարաշրջանում ապրելու մասին, մեզ եկավ կպավ:
Բարեփոխողները մեր մեջ այժմ այնքան շատ են և այնքան իրարամերժ, որ ընտրելով տարբեր ոլորտում բարեփոխումների իրականացման իրարից սկզբունքորեն տարբերվող ուղղություններ մենք նմանվում ենք մանկական ցերեբրալ կաթվածով տառապող հիվանդի:
Վերջին և ամենագլոբալ «բարեփոխումը»՝ կապված աշխատանքային ոլորտի և կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հետ, ինչքանով որ կարևոր էր մեզ համար, այնքան էլ անփութորեն իրականացված՝ ոտնահարվեցին գործատուների շահերը, ոտնահարվեցին և դեռ շատ կոտնահարվեն աշխատողների շահերը, հաշվապահների և կադրային աշխատողների աշխատանքը դարձավ միաժամանակ «առանձնապես ծանր և վնասակար», չկան ոլորտը կարգավորող անհրաժեշտ որոշումներ և կարգեր՝ առաջացել է օրենսդրական «վակուում»: Պետական մարմինների աշխատողները շոկի մեջ նայում են դեպի վերադասները, որոնք շփոթված են և սպասում են իրենց վերադասների հրահանգներին, իսկ հրահանգներ չկան…
Հատուկ այդ ոլորտների «բարեփոխումների» հիղինակների համար նշեմ, որ նմանատիպ բարեփոխումը, արդեն գործնականում իրականացվել է ՌԴ-ում և մեծ հաշվով տապալվել՝ չարաշահումների, ինչպես նաև վատ կառավարման պատճառով ՌԴ-ն մասամբ վերադարնում է հին կենսաթոշակային համակարգին:
Բարեփոխում, իմ կարծիքով, ցանկացած փոփոխությանը չի կարող կոչվել, այս բառում շատ ավելի կարևոր է «բարի» արմատը, քան «փոխելը»՝ չինացիների անեծքի մեխը:
Հարգելի բարեփոխողներ՝ հազար անգամ չափեք, նոր կտրեք: Չնայած ու՞մ եմ է ինչ ասում՝ այս աշխարհում յուրաքանչյուր մարդ և ժողովորդ ստանում է այն՝ ինչին արժանի է: Մենք արժանի ենք «փոխողների», իսկ «բարին» զուտ փիլիսոփայական հասկացություն է՝ համենայն դեպս Հայաստանում: