Հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխանցած տեղեկատվությունը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական գործողությունները դեղատներում՝ «Yong Gang» կեղծված կենսաբանական ակտիվ հավելումները (պարունակում է չհայտարարագրված սինթետիկ դեղանյութ՝ սիդենաֆիլ) հայտնաբերելու ուղղությամբ:
Այս մասին տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Արդյունքում «Մարկ Ֆարմ» ՍՊԸ-ում ևս հայտնաբերվել է վերը նշված կենսաբանական ակտիվ հավելումը (100 տուփ), որն, ըստ ընկերության ղեկավարի, ձեռք է բերվել ֆիզիկական անձից և հետագայում տրվել իրացման դեղատներում:
«Մարկ Ֆարմ» ՍՊԸ-ի տնօրինությանը տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:
Վերահսկողական գործողությունները իրացման կետերում, մասնավորապես՝ դեղատներում, շարունակում են:
Հիշեցնենք, որ տվյալ արտադրանքը կարող է վտանգավոր լինել մարդկանց կյանքի և առողջության համար, ուստի քաղաքացիներին հորդորում ենք ուշադիր լինել, չգնել «Yong Gang» կոչվող կենսաբանական ակտիվ հավելումներ, իսկ դեղատներում կամ այլ իրացման կետերում նշյալ ապրանքատեսակը նկատելու դեպքում զանգահարել Սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի թեժ գծի 010206040 կամ 012906090 հեռախոսահամարներով: