Կալանավորված և դատապարտված անձիք նույնպես կօգտվեն նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման իրավունքից. Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնում է, որ կառավարությունը հերթական մեծ քայլն արեց՝ ուղղված ձերբակալված, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածների առողջության պահպանմանը:

«Նրանք ևս կօգտվեն պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման իրավունքից:

Սոցցանցի իմ հարթակը՝ որպես տեղեկություն ստանալու ևս մեկ հավելյալ միջոց օգտագործելով, նշեմ, որ անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակում կմատուցվեն բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում, ինչպես նաև հետևյալ բժշկական ծառայությունները.

1) գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ միկրոկաթետրի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը),

2) կլիպսների օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,

3) շունտավորող համակարգերի օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,

4) էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում՝ նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ,

5) սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենտավորում` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտերով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա,

6) աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ,

7) կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա,

8) սրտի կաթետերային աբլացիա,

9) խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում,

10) սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը (ներառյալ ֆիլտրի արժեքը),

11) արթրոսկոպիկ վիրահատություններ,

12) բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաների, ընդ որում, միայն հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքները,

13) շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР) բիպոլյար կամ լազերային եղանակով,

14) քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ,

15) սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա,

16) աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում):

Բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումները շարունակելու հարցում վճռական եմ: Նպատակս մեկն է՝ ՔԿՀ-ներում գտնվող անձը պետք է ստանա նույն որակյալ բուժօգնությունը, ինչը ստանում է ազատության մեջ գտնվող քաղաքացին:

Առողջ եղեք»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել