Նորից գողության փորձ՝ Varks.am ընկերության գրասենյակից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Վարկս.էյ էմ ՈւՎԿ» ՓԲ ընկերության գրասենյակից գողության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 4-ին՝ ժամը 04:00-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցում գործող «Վարկս էյ էմ ՈւՎԿ» ՓԲ ընկերության գրասենյակի կողային ապակին, ապօրինի մուտք գործել այնտեղ և փորձել հափշտակել մետաղյա պահարանը, որտեղ եղել է 3.800.000 ՀՀ դրամ: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն  ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել