«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն է նախատեսվում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակը ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստներին առնչվող իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Պետական նպատների մասին» ՀՀ օրենքի համաձայն` եթե անձը նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի նպաստի իրավունք և այլ տեսակի նպաստ նշանակելու դիմումը ներկայացրել է նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո, ապա նրան այլ տեսակի նպաստ է նշանակվում դիմելու օրվանից: Ստացվում է, որ ունենալով նպաստի իրավունք` անձը նպաստ ստանալու իրավունքը ձեռք է բերում դիմելու օրվանից, այն դեպքում, երբ օրենքով նախատեսված են ավելի վաղ ժամկետից նպաստ նշանակելու դեպքեր:

Օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայացած և մահացած անձի հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:  Ստացվում է, որ եթե անձը դիմել է վերափորձաքննության և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը մահացել է, ապա թաղման նպաստ չի վճարվում:

Օրենքի 37-ին հոդվածի համաձայն` օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-9-րդ կետերով սահմանված նպաստներից պահումներ կատարելու, այդ նպաստների ավել վճարված գումարները հետ գանձելուն (վերադարձնելուն, բռնագանձելուն) առնչվող հարաբերությունները կարգավորվում են կենսաթոշակի ավել վճարված գումարները հետ գանձելու համար «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 43.1-ին հոդվածի համաձայն` սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս դրանից հաշվանցվում է նույն ժամանակահատվածում այլ կենսաթոշակի գումարը, որն ստանալու իրավունք կունենար անձը` դիմելու դեպքում:

Համանման կարգավորումը բացակայում է խնդրո առարկա նպաստների դեպքում: 

Ներկայացվող նախագծով առաջարկվում է կարգավորել վերը նշված` իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները: 

Առաջարկվում է սահմանելոր.

  1. եթե անձը ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի նշվածներից այլ տեսակի նպաստի իրավունք և այդ տեսակի նպաստ նշանակելու դիմումը ներկայացրել է նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, ապա նրան այլ տեսակի նպաստ է նշանակվում դիմելու օրվանից.
  2. թաղման նպաստ է վճարվում նաև հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայացած և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը մահացած անձի հուղարկավորությունը կատարած անձին.
  3. բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անձի մահվան դեպքում վճարվում է թաղման նպաստ` անկախ նպաստ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից.
  4. նպաստ ստանալու իրավունքը Օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետևանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված նպաստի գումարների չափը հաշվարկելիս` եթե նպաստառուն նպաստ ստանալու ժամանակահատվածում ունեցել է այլ նպաստի իրավունք, ապա համարվում է, որ նպաստառուն ներկայացրել է այլ նպաստ նշանակելու դիմում այն օրը (բայց ոչ շուտ, քան այլ նպաստի իրավունք ձեռք բերելու օրը), որ օրը նպաստ ստանալու իրավունքը պետք է դադարեցվեր: Այս դեպքում նպաստ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից մինչև նպաստ ստանալու իրավունքը փաստացի դադարեցնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված այլ նպաստի գումարը հաշվանցվում է ավել վճարված նպաստի գումարներից` առանց ժամկետային սահմանափակման:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել