Մայրաքաղաքում ինքնակամ շինարարությունների հայտնաբերման աշխատանքները շարունակվում են: Նախորդ շաբաթ գրանցվել է 10 դեպք, 3 ապօրինի շինություն է քանդվել:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ պատրաստ է օրենքի նոր նախագիծը, որի ընդունումից հետո ինքնակամ շինություններն օրինականացնելու հնարավորություն այլևս չի լինելու:
«Սա առաջնահերթ խնդիր է: Ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը կասեցնելուց հետո միայն մենք կունենանք իրական արդյունք: Հակառակ դեպքում քաղաքացիները կշարունակեն մտածել, որ իրենց տունը կամ խանութը կարող են անօրինական կերպով կառուցել, այնուհետ օրինականացնել»,- ընդգծել է Հայկ Մարությանը:
Հասարակական տրանսպորտի վարորդների՝ կանոնները չպահպանելու, ղեկին ծխելու և ծխախոտի մնացորդը փողոց նետելու դեպքերի առնչությամբ հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել հսկողությունն ու արձանագրվող յուրաքանչյուր դեպքի առիթով վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկել:
Հետևողական պայքար է տարվում նաև Երևանում փողոցային առևտուրը վերացնելու նպատակով: Նախորդ շաբաթ արձանագրվել է 21 դեպք: Երեկոյան հերթապահության ժամանակ հայտնաբերվել է 2 դեպք:
Անդրադառնալով թափառող կենդանիների, մասնավորապես, անտուն շների խնդրին և քաղաքացիներից ստացվող ահազանգերին՝ քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել խնդրին և արագորեն համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Ամեն ինչ պատրաստ է փետրվարի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ Սուրբ Սարգսի տոնը նշելու համար: Միջոցառումներին կներգրավվեն քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները, մշակութային կենտրոնները: