ՏՄՊՊՀ-ի զգուշացումը՝ ցանցային խոշոր 7 խանութներին

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն մանրածախ առևտրի ոլորտում՝ հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման, ինչպես նաև կանխարգելման նպատակով:

Այս մասին տեղեկանում ենք ՏՄՊՊՀ-ից, նշվում է, որ մանրածախ առևտրի ոլորտում առկա են այնպիսի դրսևորումներ, որոնք կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը:

Հանձնաժողովը դիտարկել է մանրածախ առևտրի ոլորտում գործող  7  ցանցային խանութների  («Երևան սիթի», «Նոր զովք», «Էվրիկա», «Սաս», «Կրպակ», «ԷՄ ՋԻ» , «Պարմա»), ինչպես նաև ընտրանքային կարգով  մի քանի տասնյակ փոքր տնտեսվարողների գործունեությունը:

Պարզվել է, որ առկա են այնպիսի դրսևորումներ, որոնք կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը. Մասնավորապես.

1. Խոշոր ցանցերը սահմանափակում են իրենց մրցակիցների գործունեությունը՝ մատակարարներին լրացուցիչ պայմաններ պարտադրելու միջոցով: Մի շարք դեպքերում, երբ առևտրային ցանցերը բացահայտել են, որ  այլ  սուպերմարկետում որևէ ապրանք ավելի ցածր գնով է իրացվում, քան իրենց մոտ,  նրանք մատակարարներին  պարտադրել են բարձրացնել տվյալ առևտրի օբյեկտին վաճառվող ապրանքի գինը կամ դադարեցնել նրա հետ համագործակցությունը: Հակառակ դեպքում սպառնում են  խզել համագործակցությունը տվյալ մատակարարի հետ: Ու քանի որ խոսքը գնում է խոշոր սուպերմարկետների, հետևապես նաև խոշոր իրացումների մասին, ապա, հաճախ, մատակարարները տեղի են տալիս նման պահանջներին:

2.Խոշոր առևտրային ցանցերը ունեն էական ազդեցություն բազմաթիվ շուկաներում առկա մրցակցային իրավիճակի վրա, քանի որ արտադրող և ներմուծող ընկերությունների համար ապահովում են իրացման մեծ ծավալներ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոշոր առևտրային ցանցերը կամայական սկզբունքով են որոշում, թե որ մատակարարի հետ պետք է աշխատեն և ինչ պայմաններով, ինչի հետևանքով էլ մեծանում են սուպերմարկետների կողմից մատակարարների նկատմամբ խտրական պայմաններ կիրառելու ռիսկերը: Այս իրավիճակը բացասական ազդեցություն է ունենում բազմաթիվ շուկաներում ձևավորված մրցակցային միջավայրի վրա:

3.Պարզվել է նաև, որ մի շարք շուկաներում մատակարարներն ունեն գերիշխող դիրք, ինչն օգտագործում են մանրածախ ցանցերին պայմաններ պարտադրելու նպատակով: Օրինակ, առևտրի օբյեկտներին պարտադրում են իրենց կողմից մատակարարված ապրանքները վաճառել կոնկրետ գներով, կամ  իրացնել այնպիսի ապրանքներ, որոնք շուկայում նոր են և դրանց իրացումը տնտեսապես շահավետ չէ:

4.Մի շարք գերիշխող առևտրային ցանցեր զբաղվում են ինչպես ապրանքների արտադրությամբ, այնպես էլ ներմուծմամբ և դրանց մանրամեծածախ առևտրով: Հանձնաժողովը գտնում է, որ գործունեության այս երեք տեսակները պետք է լինեն հստակ տարանջատված, քանի որ ներկա իրավիճակը բացասաբար է անդրադառնում մրցակցության վրա: Այս առումով Հանձնաժողովը դիմել է ՀՀ Կառավարությանը օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկով:

ՏՄՊՊՀ-ն զգուշացում է տվել «Երևան սիթի», «Նոր զովք», «Էվրիկա», «Սաս», «Կրպակ», «Պարմա», «ԷՄ ՋԻ» , սուպերմարկետներին և 150 խոշոր մատակարարներին:

Տնտեսվարողների կողմից վերոնշյալ վարքագծի հետևանքով կարող է խաթարվել մրցակցային իրավիճակը, ինչի հետ կապված Հանձնաժողովը 7 գերիշխող մանրածախ առևտրային ցանցերի և 150 խոշոր մատակարարների հանդեպ  կիրառեց զգուշացում ՝ բարձրացված խնդիրները իրենց վարքագծում բացառելու հանձնարարականով:

Հանձնաժողովը լինելու է հետևողական և շարունակելու է ուսումնասիրությունները այս ոլորտում: Վերը նշված խնդիրների կրկնակիության պարագայում կկիրառվեն օրենքով նախատեսված առավել խիստ պատասխանատվության միջոցներ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել