ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն մանրածախ առևտրի ոլորտում՝ հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման, ինչպես նաև կանխարգելման նպատակով:
Այս մասին տեղեկանում ենք ՏՄՊՊՀ-ից:
Հանձնաժողովի կողմից դիտարկված 7 գերիշխող սուպերմարկետները ունեն չորս և ավելի առևտրի օբյեկտներ և տեղաբաշխված են Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում, ինչի արդյունքում ապահովում են մրցակցության բարձր մակարդակ մանրածախ առևտրի ոլորտում:
Ըստ հարցումների, փոքր և միջին ընկերությունների 28 %-ը կարծում է, որ խոշոր առևտրային ցանցերի լայն ներկայացվածությունը խոչընդոտում է իրենց գործունեությանը, քանի որ սպառողները գնումներ են կատարում նրանցից: 18 %-ը գտնում է, որ խոչընդոտ են հանդիսանում նաև շուկայի հագեցվածության բարձր և եկամտաբերության ցածր մակարդակը, 18 %-ի համար խնդիր է ֆինանսական միջոցների անհասանելիությունը իսկ 12 %-ի հիմնական խնդիրը՝ հարկերի բարձր դրույքաչափերն են:
Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև, թե որքանով են օբյեկտիվ առևտրային ցանցերի ունեցած առավելությունները:
Բազմաթիվ լայն սպառման ապրանքների (կարագ, ձեթ, սուրճ, բնական հյութեր և այլն) գծով առևտրային ցանցերը մատակարարներից միջինում 2-3 տոկոսի չափով ավելի էժան են ձեռքբերում, ինչի արդյունքում, ի տարբերություն փոքր խանութների, կարողանում են դրանք վաճառել ավելի ցածր գնով:
Բացի այդ, մատակարարները ապրանքների դիմաց վճարում կատարելու համար խոշոր ցանցերին տրամադրում են ավելի երկար ժամկետներ, քան փոքրերին, ինչը ևս լրացուցիչ առավելություն է: Նշենք նաև, որ սուպերմարկետների շուրջ 90 %-ը ապրանքների ցուցադրության նպաստավոր պայմանների, ինչպես նաև մարքեթինգային այլ ծառայությունների համար մատակարարներից ստանում են վճարներ, որոնց գանձման համար հստակ չափորոշիչներ սահմանված չեն: