Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն այսուհետ կիրականացվի անվճար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ փոխվարչապետը շնորհավորել է բոլոր վերանշանակված և նորանշանակ նախարարներին և  մաղթել նրանց բեղուն աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ՀՀ ժողովրդի:

Այնուհետև Տիգրան Ավինյանն անդրադարձել է ՊԵԿ-ի կողմից առաջարկվող նոր դրոշմապիտակներին  և չարորակ հիվանդությունների վիրահատական բուժմանը վերաբերող հարցերին: Փոխվարչապետը նշել է, որ նոր դրոշմապիտակները շուտով կդրվեն շրջանառության մեջ, իսկ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն այսուհետ կիրականացվի բացառապես պետական պատվերի շրջանակում ամբողջ բնակչության համար:

Վերոնշյալ հարցերի վերաբերյալ մանրամասներ են ներկայացրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Մասնավորապես, նշվել է, որ դրոշմապիտակները վտանգ են ներկայացնում հիմնականում երեխաների համար, քանի որ վերջիններս դրանք պատահաբար կուլ են տալիս: ՊԵԿ նախագահը հայտնել է, որ այդ հարցը մի քանի անգամ քննարկվել է և որոշվել է շրջանառության մեջ դնել նոր դրոշմապիտակներ, որոնք պատրաստված կլինեն այլ նյութերից։ Դրանք կլինեն շատ ավելի փափուկ և  հնարավորինս ամուր կկպչեն ապրանքներին։

Արսեն Թորոսյանն էլ նշել է, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը նախկինում եղել է համավճարով: Ըստ նախարարի՝ այս տարվա առողջապահության բյուջեի աճի շրջանակում նախատեսվել է այն իրականացնել բացառապես պետպատվերի շրջանակում:  «Կարծում եմ մյուս տարիներին նույնպես այս եղանակով շարունակելու ենք: Մտածելու ենք արդեն քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի համար նախատեսվող համավճարը հանելու մասին»,-ասել է Արսեն Թորոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել