ՌԴ-ում և Ուկրաինայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի և ռազմական կցորդի օգնականի հաստիքներ կստեղծվեն

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության հավանությանն է ներկայացրել նոր որոշման նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել հետևյալ հաստիքները`

  • Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք (նստավայրը Ուկրաինա, ք. Կիև),
  • Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի օգնականի հաստիք (նստավայրը, Ռուսասատանի Դաշնություն, ք. Մոսկվա):

Նախարարությունը հիմնավորման մեջ նշում է, որ Ուկրաինայում ՀՀ ռազմական կցորդի առկայության պարագայում հնարավորություն կընձեռվի նոր լիցք հաղորդել հայ-ուկրաինական ռազմական, ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական կապերին՝ զարգացնելով նշված ուղղություններով հայ-ուկրաինական համագործակցությունը, տեղում և ժամանակին տիրապետել և արձագանքել ինչպես ՀՀ շահերին առնչվող գործընթացներին, այնպես էլ պաշտոնական ու այլ խողովակնորով շրջանառվող ռազմաքաղաքական տեղեկատվությանը:

Ուկրաինայում ՀՀ ռազմական կցորդություն հիմնելու դեպքում միաժամանակ հնարավորություն կընձեռվի հետևել նաև արևելաեվրոպական երկրներում ընթացող ռազմական և ռազմաքաղաքական զարգացումներին և գործընթացներին:

Նախարարությունը նշում է նաև, որ հաշվի առնելով ՀՀ և ՌԴ միջև տարեցտարի ընդլայնվող ռազմական և ռազմաքաղաքական հարաբերությունները (տարեկան երկկողմ համագործակցության պլանով նախատեսված է ավելի քան 150  միջոցառում, որոնց գերակշիռ մասը իրականացվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում), ք.Մոսկվայի շրջանների և ընդհանրապես ՌԴ քաղաքների միջև մեծ տարածությունը՝ ՌԴ տարբեր բնակավայրերում ՌԴ ռազմական գերատեսչության կողմից անցկացվող զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին և այլ միջոցաեումներին ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի մասնակացության հանգամանքը՝ ՌԴ-ում ՀՀ ռազմական կցորդի օգնականի հաստիք հիմնելու անհրաժեշտություն է առաջանում:

Բացի այդ, ԱՊՀ և ՀԱՊԿ անդամ երկրների ու այլ միջազգային կազմակերպությունների հետ երկկողմ համագործակցության ծրագրերի շրջանակներում իրականացվող հանդիպումների, ինչպես նաև ՀՀ ՊՆ պաշտոնական պատվիրակությունների կողմից ՌԴ հաճախակի իրականացվող այցերին ներկա գտնվելու, օժանդակելու և աջակցելու համար պետք է հավելյալ մարդկային ռեսուրս, ուստի ՌԴ-ում ՀՀ ռազմական կցորդի օգնականի հաստիքի ստեղծումը համարվում է խիստ անհրաժեշտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել