Տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 3-րդ համաժողովը

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 3-րդ համաժողովը, որին մասնակցում էին Կոալիցիայի Երևանի և մարզային անդամ կառույցներից 36 ներկայացուցիչ:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ այժմ լավ հնարավորություն է ստեղծվում կոռուպցիայի դեմ պայքարը համակարգային դաշտ բերելու համար:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյան

«Նախկինում ունեցել ենք մի իրավիճակ, որ պետական համակարգն ինչ-որ չափով օրենքներ էր գրում, թղթի վրա տեքստեր էր հավաքում, որ այսպիսի, այնպիսի բաներ ենք արել, բայց երբևէ նորմալ չեն աշխատել: Վերջին 7 ամիսներին, երբ խոսում էին կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ավելի շատ տեսնում էինք պատժիչ կոմպոնենտը. օրենքի շրջանակներում տարբեր մարդկանց հետ կապված քրեական գործեր բացվեցին, քննություններ եղան, որոշ արդյունքներ տեսանք և այլն: Նոր հատուկ օրենքներ չեն մշակվել, կրթական ոլորտի հետ կապված նոր օրենքներ ևս չենք ունեցել, չի քննարկվել այնպիսի թեմա, ինչիպիսին է շահերի բախումը, չեն ներկայացվել էթիկայի տեսակետից որևէ նախաձեռնություններ: Ցանկանում եմ, որ 2019 թվականին կարողանանք  ճիշտ մոտեցում ունենալ բոլոր ուղղություններով համակարգված, մասնակցային պայքարին»,-ասաց Թևան Պողոսյանը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը նշեց, որ երբ սկսվեցին աշխատանքները, որևէ մեկը չէր հավատում, որ նախկին իշխանությունների օրոք հնարավոր է ինչ-որ բարելավումների հասնել հակակոռուպցիոն կառուցակարգերի ստեղծման հետ կապված: «Այսօր մենք արդեն քրեական գոնե երկու գործերի շրջանակում տեսնում ենք ապօրինի հարստացման քրեականացումը կիրառված: Մենք դա պատկերացրել և արել ենք: Մենք վստահ ենք, որ այսօր պետք է տասնյակ գործեր լինեին, եթե մեր իրավապահ մարմիններն ունենային համապատասխան կարողությունները՝ ապօրինի հարստացման հոդվածը կիրառելու համար:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյան

 «Իմ քայլը» դաշինքն իր նախընտրական ծրագրում հստակ գրել է, որ պետք է ոչ միայն լինի օպերատիվ-հետախուզական, նախաքննության գործառույթ իրականացնող, այլև կրթական, կանխարգելիչ գործառույթներ: Վստահ ենք, շատ մոտ ժամանակներում մենք կունենանք այդ մարմինը»,-նշեց Կարեն Զադոյանը:

Համաժողովին ներկայացվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 21.07.2017-18.12.2018թթ. ժամանակահատվածի գործունեության հաշվետվությունը, հաստատվեց Կոալիցիայի 2019-2023 թվականների ռազմավարությունը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետներ Սյուզաննա Սողոմոնյանը, Մարիամ Զադոյանը, Մարատ Ատովմյանը ներկայացրեցին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանում ներառված 4 ռազմավարական նպատակները, դրանց խնդիրները, գործողությունները, պատասխանատու անձնանց և կատարման ժամկետները։

Նույն օրը տեղի ունեցան նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի կազմի ընտրությունները: Կարեն Զադոյանը նշեց, որ, համաձայն Կոալիցիայի կանոնակարգի, Կոալիցիայի քարտուղարությունն ի պաշտոնե հանդիսանում է կառավարման խորհրդի անդամ։ Ուստիև, պետք է ընտրվեն 12 անդամ։

Ընտրության արդյունքների համաձայն՝ հաստատվեց Կոալիցիայի նոր կառավարման խորհուրդը: Կոալիցիայի խորհրդի կազմում են.

  1.  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, Կարեն Զադոյան
  2.  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ, Թևան Պողոսյան
  3.  «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ, Արզուման Հարությունյան
  4.  «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ, Սաթիկ Բադեյան
  5.  «Հայաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիա» ՀԿ, Գևորգ Գրիգորյան
  6.  Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ, Գագիկ Պողոսյան
  7.  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, Կարեն Վարդանյան
  8. «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ, Վահագն Համբարձումյան
  9.  Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ, Իրինա Հովհաննիսյան
  10.  Գյումրու «Կանթեղ» Իրավապաշտպան ՀԿ, Արմեն Գաբրիելյան
  11.  Հայաստանի համայնքների միություն, Էմին Երիցյան
  12. «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ, Մովսես Արիստակեսյան
  13. «Լրագրողները՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ, Ժաննա Ալեքսանյան:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել