Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանվում է, թե որն է ապօրինաբար ձկնորսությամբ և ջրային որսորդության այլ տեսակներով զբաղվելը և թե ինչ պատիժ է սահմանված այս արարքների համար:
Այսպիսով, գետերում, լճերում, ջրամբարներում և ջրի այլ աղբյուրներում ջրերում ձկան, գազանների և ջրային այլ որսով զբաղվելը առանց թույլտվության, կամ արգելված ժամանակ, կամ չթույլատրված վայրերում, կամ չթույլատրված գործիքներով, եղանակներով ու ձևերով, եթե հասցված վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկը (3 000 դրամ)`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 50.000 – 100 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 100.000 – 200.000 դրամի չափով` որսի միջոցով ձեռք բերվածի, որսի գործիքների, լողունակ միջոցների և դրանց բոլոր այն պատկանելիքների բռնագրավմամբ, որոնք խախտումներ կատարելու գործիք են դարձել:
Քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածը սահմանում է, թե ինչ պատիժ է սահմանված ապօրինի որս անելու դեպքում:
Այսպիսով, ապօրինի որսը, որը՝
- պատճառել է խոշոր վնաս,
- կատարվել է վերգետնյա, օդային (ուղղաթիռ, ինքնաթիռ, պարաշյուտ և այլն) և ջրային մեխանիկական (մոտորացված) տրանսպորտային միջոցներից վայրի կենդանիներին հետապնդելով, պայթուցիկ նյութերի, գազերի, էլեկտրական հոսանքի օգտագործմամբ կամ վայրի կենդանիների զանգվածային վնասման այլ եղանակներով կամ որսի իրականացման արգելված այլ ձևերով, միջոցներով և գործիքներով,
- կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է,
- կատարվել է որսի իրականացման այլ սահմանափակումների խախտմամբ`
պատժվում է տուգանքով` 400 հազար դրամից 600 հազար դրամի չափով, կամ կալանքով` 2-3 ամիս ժամկետով:
Նույն արարքները, որոնք կատարվել են՝
- պաշտոնեական դիրքն օգտագործելով,
- մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում են տուգանքով` 500 հազար դրամից 700 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով: