Բնապահպանության նախարարությունը՝ Սևանում ձկնորսության հսկողության մասին

Բանապահպանության նախարարությունից հայտնում են, որ 2019թ. հունվարի 11-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն բնապահպանության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի,  «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ՀՀ ոստիկանության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ինչպես նաև Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող մի խումբ անձանց մասնակցությամբ։ Քննարկվել են Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող միջոցառումներին վերաբերող հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա աշխատանքների համար։ Խորհրդակցությանը ներկա ձկնորսների ներկայացուցիչները խոստացել էին աջակցել ձկան ձվադրման ժամանակահատվածում իրականացվող արգելքի միջոցառումներին՝ ինքնակամ դուրս բերելով իրենց կողմից թաքցված և լճից դեռևս դուրս չբերված ձկնորսական ցանցերը։

Խորհրդակցության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունվարի 12-ին իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում լճից դուրս են բերվել մեծ թվով ցանցեր և 16000 հատ սիգ տեսակի ձուկ։ Ժամը 16։00-ի դրությամբ 16000 հատ սիգ հանձնվել է Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի սահմանամերձ զորամասերին, ինչը կշարունակվի մինչև հունվարի 13-ը, ժամը 18։00-ն։

Վերոհիշյալ գործընթացներին զուգահեռ, հերթապահություն է իրականացվում նաև Ճանապարհային Ոստիկանության Սևանի ՊԱՏ հենակետում, Դիլիջանի թունելի սկզբնամասում, Վարդենիս-Սոթք ճանապարհահատվածում՝ մինչև հունվարի 20-ը։ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը իր շնորհակալությունն է հայտնում Գեղարքունիքի մարզպետարանի, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության աշխատակիցներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ինչպես նաև այն ձկնորսներին, ովքեր ըմբռնումով մոտեցան հարցի կարևորությանն և ինքնակամ դուրս բերեցին ցանցերն ու լողամիջոցները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել