Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը պարբերաբար իրականացնում է նաև հասցեների ճշգրտման գործը: Գեոդեզիական դիտարկումների և չափաբանության բաժնի պետ Զոհրաբ Շահինյանի խոսքով, դրա անհրաժեշտությունը միշտ կա, քանի որ փոփոխվում են շենքերի համարները, հասցեները, ավելանում են նոր շենք-շինություններ:
Այս մասին հայտնում է կադաստրի կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Հասցեները ճշգրտող մեր աշխատակիցներն այդ գործն անում են 2-3 հոգով և անպայման՝ չափագրման գործիքներով: Նորակառույց շինությունների դեպքում կատարվում է նաև չափագրման աշխատանք, որպեսզի տվյալներն ավելացվեն քարտեզներում»,-նշում է նա:
Կատարված ճշգրտումներն ուղարկվում են քաղաքապետարան, համայնքապետարան, ու եթե տարակարծություններ չկան, այնտեղ կնքում, ստորագրում են, իսկ ՊՈԱԿ-ում այդ տվյալները թվայնացվում և հանձնվում են արխիվ: Կադաստրի կոմիտեից բացի, հասցեների ճշգրտման պատվիրատու կարող է լինել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ՝ դիմելով կոնկրետ փողոցի, շենքի հասցեի կամ կադաստրային որևէ այլ տվյալի ճշգրտման համար: