Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով hraparak.am կայքում հրապարակված լուրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արձագանքին։
«Հունվարի 13-ին «Հրապարակ» թերթի կայքում` www.hraparak.am-ում հրապարակված՝ իշխանության ներկայացուցիչների կողմից կազմակերպված մի միջոցառման մասին լուրին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը։ Արձագանքել է՝ իր, մեղմ ասած, տարակուսանքը, վրդովմունքը, ցասումը հայտնելով իրականում կենցաղային, ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմավարական, ո՛չ պետության համար կենսական նշանակություն ունեցող առանձին վերցրած մի տեղեկության։
Չմանրամասնելով լրատվամիջոցի տեղեկությունն ու վարչապետի արձագանքի ձևակերպումները, նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դրանով՝ կամա թե ակամա ներկայացրել է ազատ մամուլի վերաբերյալ իշխանության ընկալումն ու վերաբերմունքը, որը որևէ աղերս չունի ազատ և անկախ մամուլի գործունեությանը ներկայացվող միջազգային, ժողովրդավարական երկրին ու հասարակությանը բնորոշ չափանիշների հետ։
Նիկոլ Փաշինյանի սույն արձագանքը ոտնձգություն է հանրային կառավարման համակարգի կարևորագույն ենթահամակարգի՝ մամուլի նկատմամբ, որը համարժեք հակաքայլերի չարժանացնելու դեպքում կարող է մամուլին ուղղված այլ՝ ավելի վտանգավոր վերաբերմունքի պատճառ դառնալ: