ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը հայտարարություն է տարածել.
«Հարգելի՛ գործընկերներ,
2019 թվականը նշանավորվում է Վերաքննիչ դատարանների հիմնադրման 20-ամյա հոբելյանով:
Այս առիթով շնորհավորում եմ Վերաքննիչ դատարանների դատավորներին, դատական ծառայողներին և աշխատակիցներին, մաղթում եմ անսպառ եռանդ, բեղմնավոր աշխատանք և նորանոր ձեռքբերումներ:
Վերաքննիչ դատարանը ստեղծվեց 1999 թվականի հունվարի 12-ին, երբ ուժի մեջ մտան «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որոնցով ամրագրվեց դատական իշխանության եռաստիճան կառուցվածք:
Այս 20 տարիների ընթացքում էական փոփոխություններ են կրել վերաքննության կարգով դատական ակտերի վերանայման վարույթի իրավակարգավորումները և Վերաքննիչ դատարանի գործառույթները:
2006 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում օրենսդրությամբ սահմանվեցին վճռաբեկության կարգով դատական ակտերի բողոքարկման սահմանափակումներ և վճռաբեկ բողոքներին ներկայացվող նոր պահանջներ, որոնց պայմաններում Վերաքննիչ դատարանը դարձավ առաջին ատյանի դատական ակտերի մեծամասնության վերանայում իրականացնող միակ ատյան, ինչով վերաիմաստավորվեց Վերաքննիչ դատարանի գործառութային նշանակությունը դատական իշխանության համակարգում:
Իր գոյության 20 տարիների ընթացքում Վերաքննիչ դատարանը նշանակալի հաջողություններ է գրանցել անկախ դատական համակարգի կայացման, հանրային վստահության ձևավորման և արդարադատության որակի բարելավման գործում, որոնք դատարանի դատավորներից և դատարանի աշխատակիցներից յուրաքանչյուրի քրտնաջան աշխատանքի արդյունքն են:
Հիմնադրման 20-ամյակի առթիվ կայանալիք միջոցառման շրջանակներում Վերաքննիչ դատարանը ամփոփելու է ունեցած ձեռքբերումները, գրանցած հաջողություններն ու նախանշելու է ծրագրվող աշխատանքները:
Միջոցառման վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն լրացուցիչ»: