Այսօր՝ հուվարի 14-ին, սպանված Իոսիֆ Աղաջանովի ընտանիքի հարազատները և աջակիցները բողոքի ակցիան էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով մերժել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներում շնորհելու խնդրագիրը:
Հիշեցնենք, որ 20 տարեկանում` 1996 թ-ին Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի` մեղադրվելով համակուրսեցու`սպանության համար /ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր/: ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
Վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ներում շնորհել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին:
Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում: Մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանը դատապարտվել էր նույն գործով, սակայն 15 տարի ազատազրկման: Նա այժմ ազատության մեջ է:
Գրող, հրապարակախոս Նարեկ Մալյանը նշում է, որ Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը, Պետական վերահսկողական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ծառայության ղեկավարն է և նա ակտիվորեն օգտվել է պաշտոնեական լծակներից, որպեսզի Մհեր Ենոքյանին ներում շնորհվի:
Նշենք նաև, որ օրեր առաջ Մալյանը հրապարակել էր Մհեր Ենոքյանի և Արամ Հարությունյանի՝ ոստիկանություն ներկայանալուց հետո արված տեսանյութը, որտեղ վերջինս նշում է, որ նա իր ընկերոջ հետ մարդ է սպանել:
«2015 թվականին, երբ Մհեր Ենոքյանը և նրա տիկինը ինձ դատի տվեցին, իմ փաստաբանը գրությամբ բոլոր արխիվներից հանեց այս գործի հետ կապված բոլոր նյութերը, տեսանյութերը: Այդ տեսանյութի մասին տեղյակ չէր ո՛չ մարդասպանի կինը, ո՛չ զոհի հարազատները: Տեսանյութը հրապարակեցի, քանի որ Մհեր Ենոքյանի կողմնակիցները պնդում էին, որ նա երբեք չի ասել, թե մարդ է սպանել: Մհեր Ենոքյանը ակտիվորեն օգտվում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից, նրա տիկինը բարձրաստիճան պաշտոնյա է հանդիսանում մեր կառավարությունում: Նրա տիկինը ամբողջությամբ գտնվում է մարդասպանի ազդեցության տակ և ստացվել է մի շատ վտանգավոր իրավիճակ, երբ մարդասպանը բանտից ունի սեփական պաշտոնյա մեր կառավարությունում»,-նշեց նա:
Նարեկ Մալյանի խոսքով՝ Զարուհի Մեջլումյանը այս դեպքում ուղղակի զոհ է, Մհեր Ենոքյանը վաղուց է փնտրել մի կին լրագրողի, նրան իր ազդեցության տակ գցելու և որպես խայծ օգտագործելու համար:
Նա նաև ասաց, որ այսօր իրեն զանգել են Մալաթիայի ոստիկանության բաժնից և հայտնել, որ Զարուհի Մեջլումյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Մալյանը իր հրապարակումներով հոգեկան հուզմունք է պատճառել նրան և դրդում է ինքնասպանության. «Խնդրել են, որպեսզի ներկայանամ ոստիկանություն և բացատրություն տամ: Ես անպայման ներկայանալու եմ որպես օրենքը շատ սիրող քաղաքացի և քանի որ ես վերջին շրջանի ամենամեծ ու խոշոր հանցագործն եմ, ես կներկայանամ ոստիկանություն և կիմանամ, թե ինչ հուզմունքի մասին է խոսքը: Իոսիֆ Աղաջանովի ընտանիքի անդամները Զարուհի Մեջլումյանի և Մհեր Ենոքյանին աջակցող խմբի պատճառով արդեն 23 տարի անցնում են այդ հուզմունքի միջով»:
Իրավաբան Արամ Վարդևանյանը նույնպես մասնակցում էր բողոքի ցույցին: Իրավաբան.net-ի հետ զրույցում նա նշեց, որ տուժողների շահերի տեսանկյունից, թե՛ համաներման, թե՛ ներման, հայաստանյան օրենսդրությունում խնդիրներ տեսնում է :
Վարդևանյանը նշում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ գործի նյութերի դեպքը իր մեջ պարունակում է առանձնակի դաժանության հատկանիշներ, անտարբեր մնալ չի կարողացել:
«Ես կարծում եմ, որ ներման խնդրագիրը միշտ պետք է գաղտնիք մնա, որովհետև դա կոնկրետ անձի կողմից ներկայացված տեղեկություն է, դրա գաղտնիությունը միայն պետք է երաշխավորվի: Մնացյալ պրոցեսի գաղտնի լինելու նպատակը չեմ տեսնում: Առնվազն տուժողի և նրա իրավահաջորդի համար պետք է լինի հասանելի: Այդ տրամաբանությունից ելնելով՝ չեմ հասկանում, թե ինչու պրոցեսը պետք է գաղտնի լինի»,-նշեց նա:
Նա ասաց, որ դեպքը անձով պայմանավորել պետք չէ, պետք է փաստական հանգամանքները հաշվի առնվեն: Կարևոր նշանակություն ունի այն, թե արդյո՞ք անձը զղջացել է կատարած արարքի համար, թե՝ ոչ:
«Եթե պրոցեսը ավելի թափանցիկ լիներ, ապա այս աղմուկը չէր բարձրանա: Այսինքն, անձիք ամենասկզբից պետք է տեղյակ լինեին, որ սկսվել է նման գործընթաց: Այո, յուրաքանչյուր անձ օրենքի պահանջները բավարարելու դեպքում, եթե խոսքը գնում է ցմահ դատապարտյալի մասին, 20 տարի, առնվազն, պետք է պատիժ կրած լինի: Այդ դեպքում, այո, կարող է դիմել, բայց այս դեպքում այդյո՞ք վերջինս բավարարել է օրենքի անգամ ֆորմալ պահանջները, արդյո՞ք տուժողները բավարար մասնակցություն են ունեցել»,-նշեց նա:
Վարդևանյանը կարծում է, որ այստեղ սահմանադրական արդարադատության խնդիր կա. «Կյանքի իրավունքը մենք ՍԴ-ում պետք է փորձենք բարձրաձայնել տուժողների իրավահաջորդների օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից: Ես այդպես եմ գտնում և նաև պատրաստակամ եմ օգնել այս հարցում»:
Եվգենյա Համբարձումյան