Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան – Պարոն վարչապետ, կրկին առիթ ունեմ Ձեզ շնորհավորելու՝ որպես շարժման և կուսակցության ղեկավար, խորհրդարանական ընտրություններում հաղթանակի համար: Ուզում եմ շնորհավորել նաև 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով:
Մեր խորհրդարանը շատ մեծ անելիքներ ունի և, այս փուլում այդ անելիքները շատ հստակ են: Խորհրդարանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի թավշյա հեղափոխության գաղափարները, հույսերը, սպասելիքներն այսօր, վաղը, մյուս օրը իրականություն դառնան:
Ստացել եմ առաջարկությունը Ազգային ժողովից և դրա հիման վրա ուրախությամբ կստորագրեմ Ձեզ Հանրապետության վարչապետ նշանակելու հրամանագիրը:
Շնորհավորում եմ, պարո՛ն վարչապետ: Լավագույն մաղթանքները, հաջողություն՝ ի փառս մեր Հայրենիքի և ողջ հայ ժողովրդի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն նախագահ, շատ շնորհակալ եմ: Դուք հստակ ձևակերպեցիք այն շրջանակը, որում մենք գործում ենք և պիտի գործենք: Ես ուզում եմ ընդգծել, որ հիմնական քաղաքական փոփոխությունը, որ Հայաստանի Հանրապետությունում ակնկալվում էր, արդեն իսկ տեղի է ունեցել՝ իշխանությունը լիարժեք վերադարձված է ժողովրդին, և Հայաստանում հաստատված է ժողովրդավարություն: Այլ խնդիր է, որ այդ ժողովրդավարությունը պետք է ինստիտուցիոնալ երաշխիքներով ամրապնդվի, որպեսզի ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը երաշխավորվեն ոչ թե քաղաքական իրավիճակով, ոչ թե անձերով պայմանավորված, այլ ժողովրդավարական, պետական, քաղաքական ինստիտուտների կայացմամբ:
Տնտեսական կյանքում նույնպես կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել: Ըստ էության, Հայաստանում մենաշնորհային տնտեսական համակարգն այլևս գոյություն չունի առնվազն քաղաքական կամքի և իրողությունների մակարդակով, բայց այդտեղ էլ մենք ինստիտուցիոնալ երաշխիքների կարիք ունենք: Եվ ես շատ կարևոր եմ համարում արձանագրելը, որ այն փոփոխությունները, որոնք մենք ակնկալում ենք, չեն կարող տեղի ունենալ առանց քաղաքացիների այնպիսի մասնակցության, ինչպիսի մասնակցությամբ ապահովվել են մինչև այժմ եղած քաղաքական փոփոխությունները: Ինչպես Հայաստանում քաղաքական, ոչ բռնի թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիների և սփյուռքի միլիոնավոր մեր հայրենակիցների մասնակցությամբ, և նրանք իրենց բաժին պատասխանատվությունն ստանձնեցին, տնտեսական հեղափոխությունը նույնպիսի բանաձևով եմ պատկերացնում՝ իհարկե, պայմանով, որ կառավարությունը պետք է ստանձնի ժողովրդի առաջ իր ունեցած բոլոր պարտավորությունները և այդ պարտավորությունները կատարի: Այստեղ շատ կարևորում եմ մեր պետական ինստիտուտների համագործակցությունը: Ըստ էության, մենք գործ ունենք նոր իրավիճակի հետ, և շատ կարևորում եմ նախագահի, վարչապետի, կառավարության, Ազգային ժողովի համագործակցությունը: Պետք է արձանագրել, որ անցած 8 ամիսների ընթացքում որոշակի պրակտիկա կուտակել ենք, բայց, այնուամենայնիվ, սա նոր իրավիճակ է, նոր ինստիտուցիոնալ հարաբերություններ են, և մենք պետք է կարողանանք այստեղ նույնպես այնպիսի ավանդույթներ ստեղծել, որոնք կերաշխավորեն իշխանությունների հստակ տարանջատումը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և, իհարկե, փոխզսպումների և հակակշիռների համակարգ:
Ես ուզում եմ ասել, որ մենք՝ ես ինքս, մեր քաղաքական ուժը նվիրված է այդ տեսլականին և այդ գաղափարին: Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը մեզ համար կարգախոսներ չեն, այլ արժեքների համակարգ, որոնցով մենք առաջնորդվում ենք: Այդ ամենը պետք է անել այնպես, որ պետության կառավարելիութան մակարդակը չնվազի, մյուս կողմից՝ ավելանա կառավարման արդյունավետության, հաշվետվողականության, թափանցիկության մակարդակը: Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ իշխանություն ձևավորելու իրենց իրավունքն այլևս երբեք ոչ ոք իրենց ձեռքից ոչ միայն չի առնի, այլև նույնիսկ փորձ չի անի, նույնիսկ եթե այդպիսի փորձ անի, միանշանակ կձախողվի:
Շնորհակալ եմ Ձեր բարի մաղթանքների համար: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի մեծամասնությանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար: Համոզված եմ՝ մենք միասին, բոլորով նվիրված ենք մեր երկրի, ժողովրդի ազատ և երջանիկ ապագայի կառուցմանը:
Շնորհակալ եմ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան – Շնորհակալ եմ, պարոն վարչապետ: Ես էլ ուզում եմ կրկին ասել, որ նախ և առաջ ուրախ եմ լսելու այս խոսքերը: Վստահ եմ, որ այս խոսքերը զուտ խոսքեր չեն, այլ խոսքեր են, որոնց Դուք ոչ միայն հավատում եք, այլև նվիրված եք: Այսինքն, ինչ-որ իմաստով սա առաքելություն է Ձեր կողմից: Այս խոսքերն ինձ ուրախացնում են, քանի որ, ի վերջո, մենք բոլորս այստեղ ենք մի նպատակով՝ որպեսզի այս երկիրը դարձնենք աշխարհի լավագույն երկրներից մեկը, որպեսզի մեր քաղաքացիներն իսկապես հպարտ լինեն: Եվ ոչ միայն հպարտ լինեն զուտ զգացական իմաստով, այլ ըստ էության, այսինքն՝ հպարտ լինեն, որովհետև ապրելու են այն երկրում, որտեղ օրենքն ու օրինականությունը գերակայում են, որտեղ երկիրը կառավարվում է օրենքներով և Սահմանադրությամբ, ոչ թե ինչ-որ մեկի քմահաճությամբ: Երկիր, որտեղ իրենց բոլոր իրավունքները ոչ միայն հարգված են, այլև պաշտպանված: Մեր բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն ապրելու բարգավաճ երկրում, որտեղ նրանցից յուրաքանչյուրը, վստահ լինելով իր այսօրվա համար, վստահ է լինելու իրենց երեխաների ու թոռների ապագայի համար:
Ես ի սրտե Ձեզ հաջողություն եմ մաղթում, հաջողություն եմ մաղթում կառավարությանը, ինչպես նաև Ազգային ժողովին, որովհետև նրանք շատ մեծ անելիք ունեն:
Երբ ժամանակին խոսում էինք չորրորդ հանրապետության մասին, այն ինչ-որ իմաստով սիմվոլիկ բառախաղ էր թվում: Բայց ըստ էության նաև իմաստ ունի այն, որ ոչ միայն քաղաքական նոր իրավիճակ է, այլև կառուցվածքային իմաստով: Եվ ինչպես Դուք նշեցիք, շատ հստակ նորից պետք է ձևակերպվեն իշխանության տարբեր մարմինների պարտականությունները, նրանց իրավունքները: Շատ էական է, որ իշխանության բոլոր ճյուղերը՝ սկսած նախագահականից, կառավարությունը, Ազգային ժողովը և, ինչու ոչ, նաև չորրորդ իշխանությունը, կարողանան համագործակցել, ներդաշնակ լինել մի նպատակի համար, որը մեր երկիրն է:
Այնպես որ, կրկին շնորհավորում եմ Ձեզ, հաջողություն մաղթում: Ձեր հաջողությունը մեր երկրի հաջողությունն է, մեր ժողովրդի, մեր բոլորի, նաև իմ հաջողությունն է: