Դատավոր Դավիթ Գրիգորյանը, որին մակագրվել էր 2-րդ նախագահ Ոոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը, ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը:
Դատավորը իր որոշում պատճառաբանել է նրանով, որ ինքը ինքնաբացարկ է հայտնել, քանի որ հերթապահ չի եղել, սակայն այդ պայմաններում գործը իրեն են մակագրել:
Այժմ գործի քննությունը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին, այն կքննվի վաղը, հունվարի 14-ին:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ գործով դատավոր Նելլի Բաղդասարյանը բավարարել էր բացարկ հայտնելու միջնորդությունը, որը ներկայացվել էր հունվարի 9-ին դատախազների և քննիչի կողմից:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 26.12.2018 թվականին միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ:
Դատարանը, 2018թ․ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17:00֊ին, դատական նիստ էր նշանակել, ապա աշխատանքային օրվա ավարտով պատճառաբանելով դատական նիստը հետաձգել էր և նշանակել այսօր` հունվարի 9֊ին:
Նշենք նաև, որ փաստաբանական խումբը գրավի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս գրավի չափ չի նշել, սահմանվող գրավի չափը որոշել խնդրել է դատարանին: