Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը մամուլի ասուլիս է հրավիրել՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պնդումների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու համար:
Նա նախ նշեց, որ իր որակումն է, որ այս ճչացող, իրականությունից կտրված մանիպուլացնող երևույթը որևէ ձևով չի կարող իրավիճակ փոխել:
«Ներկա և նախկին պաշտոնյաներին խորհուրդ չեմ տալիս Արամ Սիմոնյանի օրինակին հետևել և ասել, թե ենթադրում են, որ սա քաղաքական որակում է: Արամ Սիմոնյանը ներկայացնում է, որ ինքը Հանրապետական կուսակցությունից է, դրա համար է այս ամենը: Կլինեն ՀՀԿ-ից, ՔՊ-ից թե այլ կուսակցությունից, պաշտոնյաները չպետք է փորձեն որևէ ճչոցով մոլորեցնել մարդկանց: Պարոն Սիմոնյանը մանիպուլացնող, իրականությունից կտրված, մեր ասածի հետ կապ չունեցող բաներ է խոսում»,- ասաց Սանասարյանը:
Արամ Սիմոնյանի այն հայտարարությունը, թե համալսարանում 9 միլիարդի գնումներ են ուսումնասիրվել. Դավիթ Սանասարյանը որակեց սուտ՝ ասելով, որ ուսումնասիրել են 2,5 միլիարդի գնումներ. «Եթե ուսումնասիրությունները լինեն երկարատև, այդ թվերը կկրկնապատկվեն, բայց չեն կարող, քանի որ ժամանակ չունեն: Մենք վստահեցնում ենք, որ մեր ուսումնասիրության համար ստեղծած տեղեկանքի համար պատասխանատու ենք»,- նշեց Սանասարյանը: