«Էս ընթացքում ճնշումս բարձրացավ». Նիկոլ Փաշինյանին «վախեցրեց» Արարատ Միրզոյանի հայտարարությունը

Կառավարությունը այսօր քննարկում է 18 տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին հարցը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարցին պետք է համակարգային մոտենալ, որդեգրման ընթացքի դժվարությունների մասին ինքը շատ նամակներ է ստացել:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը խոսեց նաև երեխաներ որդեգրելու պրոցեսում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին. «Ես այստեղ կկիրառեի ավելի խիստ բառ, քան կոռուպցիան է, մենք գործ ունենք մաֆիայի հետ: Որդեգրման պրոցեսում գումարների մասին որ խոսում ենք, որոնք սկսվում են ծննդատներից և շարունակվում են մյուս հիմնարկներում, միայն այսբերգի գագաթն է, շատ ավելի ցավալի իրողության հետ գործ ունենք, մասնավորապես՝ երեխաների օրգանների վաճառքի: Կասկածներ կան: 3 ուղղությամբ են երեխաներ որդեգրվում արտասահման և այդ երկրները հայտնի են նաև այդ առումով»:

Նիկոլ Փաշինյանը զարմացած հարցրեց, թե արդյո՞ք մեզ մոտ այդպիսի դեպք է գրանցվել, որին Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ երևույթի մասին է խոսում և ոչ կոնկրետ դեպքերի. «Նման դեպք դեռ չի գրանցվել: Լուրջ վերահսկողություն է անհրաժեշտ»:

«Էս ընթացքում ճնշումս բարձրացավ»,-Արարատ Միրզոյանի պատասխանին արձագանքելով ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել