Սևանա լճի հարակից տարածքներում իրականացվում են հատուկ միջոցառումներ

Այս օրերին Երևան-Սևան ճանապարհին ձկան՝ մասնավորապես սիգի վաճառքի մասին հիշեցնում են միայն փակ ու լքված տաղավարները, քամուց ճոճվող ցուցափեղկերն ու այս հայտնի մանեկենը:

Սա մի քանի գերատեսչությունների աշխատանքի արդյունք է: Իսկ թե ինչ աշխատանք է կատարվել ու կատարվում, կներկայացնենք մեր ռեպորտաժում:

ՀՀ ոստիկանությունը, բնապահապանության նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեկտեմբերի 20-ից Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացնում են համատեղ հատուկ միջոցառումներ:

Մինչ միջոցառումների մեկնարկը նշված գերատեսչությունների պատասխանատուները հանդիպումներ են ունեցել Սևանա լճի շրջակա քաղաքների, համայնքների ղեկավարների ու ձկնորսների հետ: Նրանց պարզաբանվել է միջոցառման նպատակն ու իրականացվելիք գործողությունները: Իսկ նպատակը մեկն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ կապված ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածի հետ:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա բաժինների՝ Սևանի, Վարդենիսի, Գավառի, Ճամբարակի և Մարտունու բաժինների ծառայողները 24 ժամ իրականացնում են ուժեղացված ծառայություն:
Խիստ հսկողություն է սահմանված Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայված են հսկիչ կետեր:

«Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվել լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ: Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:

Բացի այս ոստիկաններն իրականացնում են նաև Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում:

Ճանապարհներին հատուկ ռեժիմով ծառայություն են իրականացնում ճանապարհային ոստիկանները: Հսկիչ կետերում նրանք, ոստիկանության տարածքային բաժինների ու Սևան ազգային պարկի աշխատակիցների հետ կանգնեցնում են կասկածելի մեքենաները և ստուգում:

Ծառայությունը հաճախ ստուգվում է նաև ղեկավարության կողմից:

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածի հետ կապված հատուկ միջոցառումները կշարունակվեն մինչև հունվարի 20-ը:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր ձկնորսներին՝ դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը Սևանա լճում չզբաղվել ձկնորսությամբ: Բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել