Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը Իրավաբան.net-ին պատմել է իր տարվա ձեռքբերումների, Ձմեռ պապիկից ակնկալվող նվերի և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մասին:
-2018 թվականը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում և հայաստանյան իրականությունում: Արդյո՞ք հաջողված տարի էր այն:
-Եթե նկատի ունենանք քաղաքական փոփոխությունները, ապա, անշուշտ, բեկումնային տարի էր, ակնհայտ է, որ կա սոցիալական մթնոլորտը առողջացնելու, ընդհանրապես երկրի ողնաշարն ուղղելու հրաշալի հենք, սակայն տարին կարող է հաջողված համարել, եթե յուրաքանչյուրիս հաջողվի իրագործել ծրագրերը: Իսկ դրա համար պետք է մեկնընդմիշտ վերջ տանք միջանձնային հարաբերություններում տարաբնույթ տարանջատումներին, ուժերի ջլատմանը և փորձենք միասնականություն երաշխավորել:
-Այդ տարվա հատկապես ո՞ր դատական գործերը կամ դատական ակտերը կառանձնացնենք և ինչու՞:
-Իմ կարծիքը կարող է և չհամընկնել հանրության մեծամասնության դիրքորոշման հետ, քանզի առավել հնչեղ են դարձել հայտնի դեմքերին առնչվող գործերը, մինչդեռ՝ բազում դատական ակտեր կան, որոնք ուսանելի են, որոնք կարող են միանգամայն նոր իրավական մշակույթի հիմք լինել, սակայն առայժմ դրանք մնում են ստվերում:
-Այս տարի թերևս ամենաշատը հնչած բառերից մեկը կոռուպցիան է և դրա դեմ պայքարը: Արդյո՞ք կոռուպցիայի դեմ իսկապես պայքար կար և ինչպե՞ս էր արտահայտվում:
-Կոռուպցիայի դեմ պայքարը կարող է համակարգված ճանաչվել, եթե դրան մասնակից է դարձվում քաղաքացիական հասարակությունը, այդ պայքարը բնավ ուժային կառույցների մենաշնորհը չէ, առավել ևս խիստ վտանգավոր է, երբ այն վերածվում է այդպիսի մենաշնորհի: Մյուս կողմից, յուրաքանչյուր մարդ ինքը պետք է գիտակցի, որ իր խնդիրը ոչ միայն և ոչ այնքան քննադատելն ու հանրային դժգոհության դեպքում փողոց դուրս գալն է, այլ ընթաքում հանրային իշխանության նկատմամբ քաղաքացիական վերահսկողությանը ներգրավված լինելը, որպեսզի չարաշահումները չարմատավորվեն և չտարածվեն այնչափ, որ արդեն անզեն աչքով դառնան նկատելի: Շատերին թվում է, թե պահանջատեր լինելը սոսկ արդեն իսկ կատարված իրադարձություններից ու զարգացումներից հետո կտրուկ պահանջներ ներկայացնելն է. իրական պահանջատերը նախապես է հետևում ընթացքին և փորձում կանխել կոռուպցիան իրավաչափ եղանակներով:
-Քննարկվում է անցումային արդարադատություն իրականացնելու հարցը: Հետաքրքրական է հատկապես պետական և քաղաքական գործիչների զտման կամ վեթթինգի և լյուստարացիայի մեխանիզմները: Ի՞նչ կարծիք ունեք դրա մասին:
-Ցանկացած այդպիսի նախաձեռնություն կարող է հաջողություն ունենալ, եթե իրացվի հանրային խիստ վերահսկողության ներքո և միջազգային փորձագետների անմիջական մասնակցությամբ:
-Ի՞նչ կխնդրեք Ձմեռ պապիկից՝ Հայաստանում արդարադատության ոլորտի և անձնապես Ձեզ համար:
-Բոլորիս փոխադարձ հասկացողություն, փոքր ինչ համարժեք լինելու և միջավայրը միայն մուգ գույներով չընկալելու կարողություն:
-Ամանորի տոնական օրերն այս տարի չկրճատվեցին: Արդյո՞ք ճիշտ վարվեց նոր կառավարությունը տոնական 3 օր սահմանելու նախագիծը մերժելով:
-Այո ճիշտ վարվեց. այդ օրերին, միևնույն է, նաև նախկինում էլ չկար ակտիվ աշխատանք՝ աշխատասեղանները կեսօրից հետո վերածվում էին տոնական սեղանների, իսկ հանգստյան գոտիները անիմաստ հարկադիր պարապուրդի մեջ էին հայտնվում, ինչից տուժում էր նաև պետական բյուջեն: Միայն թե հատուկ ու արտակարգ ծառայությունները սթափ ու բարեխիղճ լինեն:
-Այս օրերին փորձում եք օգնել Ձեր կնոջը՝ տնային գործերում, թե՞ դրանք միայն կնոջ գործն են: Իսկ ինչո՞ւ միայն տոն օրերին, չեմ տառապում հիվանդագին նախապաշարմունքներով, մշտապես օգնում եմ և դա բնական եմ համարում:
-Ինձ համար անհասկանալի է տղամարդու այն կեցվածքը, որն ընթրելուց հետո չի փորձում անգամ իր ափսեն վերցնել և տեղավորել լվացարանի մոտ:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2019-ից:
-Անկեղծ կլինեմ՝ ակնկալում եմ չափազանց բարդ ու հակասական զարգացումներ, ինչը պայմանավորված է լինելու նաև արտաքին ազդակներով: Մենք առավել ևս, քան երբևէ, պետք է միահամուռ լինենք, որպեսզի ճշգրիտ հասկանանք, թե ովքեր են մեր իրական հակառակորդները և որոնք են մեր իրական խոչընդոտները: