Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից գրավի չափ չի նշվել. գրավի չափը խնդրել են որոշել դատարանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշպանները 26.12.2018 թվականին միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ:

Այս մասին հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը:

Պաշտպանները դատարանին խնդրել են ներկայացված միջնորդությունը քննել օրենքով նախատեսված հնարավոր սեղմ ժամկետում:

Միջնորդությունը ներկայացնելու հիմքում դրվել է այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին դատարանի՝ 27.07.2018թ․ որոշումից անցել է ավելի քան չորս ամիս և այդ ընթացքում որևէ կերպ գործին խոչընդոտելու գործողություն նրա կողմից չի կատարվել, ինչը չեն հերքում ո՛չ վարույթն իրականացնող մարմինը, ո՛չ էլ՝ Գլխավոր դատախազությունը:
Ուստի, պաշտպանական կողմը գտնում է, որ որևէ հիմք չկա Ռոբերտ Քոչարյանին այս պահին կալանքի տակ պահելու համար:
Բացի այդ ներկայացված միջնորդության հիմքում դրվել է նաև այն, որ ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանի ազատությունն սահմանափակվել է ապօրինի և գրավի կիրառումն այս պահին միակ միջոցն է որով ազգային դատարանը կարող է նվազագույնի հասցնել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը:

Ինչ վերաբերում է գրավի չափին, ապա պաշտպանների կողմից գրավի չափ չի նշվել և սահմանվող գրավի չափը որոշել խնդրել են դատարանին:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել