Լրատվականները, երբ ոչինչ չեն ունենում գրելու, գրում են Արթուր Վանեցյանի օֆշորային ընկերությունների մասին:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր հորեղբոր կինը օֆշորային ընկերություն ունի և Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանության կողմից տուգանվել է:
Նա նշեց, որ Զեմֆիրա Վանեցյանն իսկապես իր հորեղբոր կինն է, ով Հայաստանում չէ բնակվում 1989 թվականից: Իրականում նրա հորեղբայրն է խոշոր գործարար, ով Հայաստանում չունի բիզնեսի որևէ հետաքրքրություն:
Արթուր Վանեցյանի խոսքով, նա ՀՀ քաղաքացիություն ստացել է վերջերս՝ թավշյա հեղափոխության ընթացքում: Նա և իր կինը Ժնևում են լինում, և հենց նրանց մոտ եղած ժամանակ էլ գաղտնալսվել էր։
Նա նշեց նաև, որ իր հորեղբայրը հիմա Հայաստանում է, անգամ առաջարկել է իր հետ գալ լրագրողների հետ հանդիպմանը:
Նա նաև նշեց, Կարեն Վանեցյանը և Արմեն Վանեցյանը, ովքեր իր ոչ հարազատ եղբայրներն են, ևս խոշոր բիզնեսմեններ են և իրենց գործունեությունը ծավալում են Իրանում, Սերբիայում, Ուկրաինայում և այլն, ինչը՝ հանցագործություն չէ:
Իսկ ընդհանրապես օֆշորային ընկերություններ ունենալը միշտ չէ, որ բացասական երևույթ է։