Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադաձել նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի հայտնաբերմանը:
Նա նշել է, որ հայտնի չէ, թե ինչպես է Նարեկ Սարգսյանը Գվատեմալայի քաղաքացու անձնագիր ձեռք բերել: Առաջիկայում կլուծվի էքստրադիցիայի հարցը։
ԱԱԾ տնօրենի խոսքով Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է դեկտեմբերի 5-ին կամ 6-ին:
Հիշեցնենք, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
Հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:
Ոստիկանությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ չկան չբացահայտվող հանցագործություններ, չկան չհայտնաբերվող հետախուզվողներ, երբ գերխնդիրը արդարադատության իրականացումն է, և գործում է պրոֆեսիոնալ ու հետևողական ոստիկանական համակարգ: