Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 12-ին շուրջօրյա հերթապահություն սահմանելու մասին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.
«Ելնելով Ամանորյա տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում և կենսաապահովման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններում շուրջօրյա հերթապահություն սահմանելու անհրաժեշտությունից.
1. Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (Արգիշտիի հ.1), Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի վարչական շենքերում, Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպություններում և կենսաապահովման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններում՝ 2018թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2019թ. հունվարի 7-ը ներառյալ` սահմանել շուրջօրյա հերթապահություն:
2. Ընդունել ի գիտություն, որ.
- Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (Արգիշտիի հ.1)՝ հերթապահությունն իրականացվելու է Երևանի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնում՝ ճգնաժամային կառավարման բաժնի (1-ին հարկ, հ.121սենյակ, հեռ.1-08, 011-51-40-06) և սույն կարգադրության հավելվածի ցանկում նշված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից (2-րդ հարկ, հ.224/1 սենյակ, հեռ.011-51-40-00).
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների, քաղաքաշինության և հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության վարչությունները և հասարակական կարգի պահպանության ծառայությունը՝ շուրջօրյա հերթապահությունն իրականացնելու են իրենց աշխատավայրերում.
- Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպությունների վարչական շենքերում և կենսաապահովման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններում՝ շուրջօրյա հերթապահությունն իրականացվելու է համաձայն ներկայացված ցուցակների.
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների հերթապահության նկատմամբ հսկողությունն իրականացնելու են, սույն կարգադրության հավելվածում նշված կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, իսկ վերահսկողությունը՝ պատասխանատու պաշտոնատար անձինք:
3. Հանձնարարել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, Երևանի քաղաքապե-տարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների, քաղաքաշինության և հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության վարչությունների և հասարակական կարգի պահպանության ծառայության պետերին՝ 2019թ. հունվարի 8-ին ամփոփել և նույն օրը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին տրամադրել Ամանորյա տոնական օրերին ստացված հեռախոսազանգերի և դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկություններ՝ սույն կարգադրությանը կից օրինակելի ձևերին համապատասխան։
4. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը՝ սույն կարգադրության մասին քաղաքացիների իրազեկումն ապահովել Երևանի պաշտոնական համացանցային կայքում (www.yerevan.am):
5. Հանձնարարել «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը, Ամանորյա տոնական օրերի շուրջօրյա հերթապահության ընթացքում, ապահովել սույն կարգադրության 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված և Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարների անխափան աշխատանքը:
6. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի վարչական շրջանների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների վրա:
7. Սույն կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ.Խաչատրյանի վրա»: