Երևանի քաղաքապետարանը՝ վարորդներին. անվադողերի փոխարինումը կարգավորվում է մի շարք իրավական նորմերով

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ձմռանը տեղի ունեցող ավտովթարների և փողոցների խցանումների զգալի մասի պատճառն ամառային անվադողերով վարելն է: Եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում նաև ՌԴ-ում, ինչպես ձմռանը, այնպես էլ ամռանը, անվադողերի փոխարինումն օրենքի պահանջ է, որը չկատարողներին սպառնում են մեծ տուգանքներ: Մեր երկրում խնդիրը կարգավորվում է մի շարք իրավական նորմերով:

«Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1968 թվականին ընդունվել է ճանապարհային երթևեկության միջազգային կոնվենցիան, որի «Այլ դրույթներ» բաժնի 54-րդ կետը հստակ սահմանում է տալիս՝ նշելով, որ տրանսպորտային միջոցների դողերը պետք է ունենան լավ շփում, նույնիսկ թաց մակերեսով ճանապարհների պարագայում: Հայաստանը, ղեկավարվելով միջազգային նորմի պահանջներով և ներպետական օրենսդրությամբ, 2007 թվականին ընդունեց ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող պայմանների ցանկը հաստատելու մասին Կառավարության թիվ 955–Ն որոշումը», – ասում է Ճանապարհային ոստիկանության հետաքննության և ճանապարհատրանսպորտային պատահարներով ու տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումներով վարչական բողոքարկման վարույթի բաժնի պետ Հայկ Վարդանյանը:

Կառավարության որոշմամբ սահմանվում է՝ չափորոշիչներին ոչ համապատասխան անվադողերով ավտոմեքենա վարելը անսարքություն է համարվում և չի թույլատրվում:

Իսկ որո՞նք են չափորոշիչները

Առաջին չափորոշիչը անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունն է: Ավտոբուսների պարագայում այն պետք է լինի ոչ պակաս, քան 2 մմ, մարդատար ավտոմոբիլներինը՝ 1,6 մմ, բեռնատարներինը՝ 1 մմ, իսկ մոտոցիկլետներինը՝ 0,8 մմ: Անվադողերի վրա չպետք է լինեն նաև ճաքեր, ճեղքվածքներ, կտրվածքներ, չի թույլատրվում նաև փոխադրամիջոցը վարել տարբեր դողերով:

Ի՞նչ հետևանք կարող է ունենալ անվադողերի սահմանված չափորոշիչները չպահպանելը

Փոխադրամիջոցի շահագործումն արգելող անսարքություններով վարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով» սահմանված է պատասխանատվություն: Այս պահանջը ներառում է նաև դողերի չափորոշիչները չպահպանելու հետևանքով առաջացող պատասխանատությունը: Տուգանքի չափը 5000 ՀՀ դրամ է:

Ի դեպ, եթե անվադողերը չփոխարինելու հետևանքով դուք ավտովթարի պատճառ դառնաք, ոչ միայն կտուգանքվեք, այլև խնդիրներ կծագեն ԱՊՊԱ պայմանագրերում: Ու թեև այլ անձանց պատճառված վնասը կփոխհատուցվի, սակայն վթարի մեղավորի համար բացասական հետևանքներ կունենա.

«Վթարի դեպքում հետագայում կկիրառվի մալուս և ԱՊՊԱ պայմանագիրը կթանկանա: ԿԱՍԿՈ պայմանագրերում որոշ դեպքերում արձանագրվում է, որ դա հատուցում մերժելու հիմք է, բայց դա կարգավորվում է անհատական պայմանագրերում»,- մանրամասնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արտյոմ Նազարյանը:

Այս օրերին Ճանապարհային ոստիկանությունը, Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ, ստուգայցեր է կազմակերպել: Վարորդները մեկ անգամ ևս զգուշացվում են՝ անվադողերն օր առաջ փոխարինել ձմեռայիններով՝ տեղումների ժամանակ խուսափելու համար ավելորդ խցանումներից և պատահարներից, որոնք կարող են նաև մարդկային զոհերի պատճառ դառնալ

«ՃՈ կարևորում է կանխարգելումը և ոչ թե առկա պատասխանատվության ենթարկելու հանգամանքը, հետևաբար՝ կրկին պետք է հորդորենք վարորդներին փոխադրամիջոցը ձմեռային տարեշրջանում վարել միան ձմեռային անվադողերով, ինչը հնարավորություն է տալիս խուսափել ճանապարհատրասպորտային պատահարներից»,- նկատում է Հայկ Վարդանյանը:

Վարորդներին տեղեկացնում, զգուշացնում և հորդորում են նաև հասարակական կազմակերպությունները: Հնարավորինս շատ քաղաքացիների իրազեկելու համար օգտագործվում են սոցիալական ցանցերը և անմիջական հանդիպումները:

«Դողերը չփոխարինելու գլխավոր պատճառն, իհարկե, ֆինանսական բեռն է, բայց ցանկացած մեքենայի սեփականատեր, որը շահագործում է մեքենան, պետք է դրա համար գումար նախատեսի: Քանի որ մարդ ունի և ամառային և ձմեռային կոշիկներ, նույն վերաբերմունքն էլ մեքենայի հանդեպ պետք է լինի»,- նշում է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:

Ձմռանն անվադողերը փոխելը պարտադիր է: Հիշե՛ք և խուսափե՛ք պատահարներից:

Տեսանյութը՝ Երևանի քաղաքապետարանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել