Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 12-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝
1. Արա Դանիելյանին՝ 2018 թվականի դեկտեմբերի 13-ից նշանակել Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար։
2. Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ղումաշյանին ազատել Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պատականությունների կատարումից»:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ավան վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Դանիելյանին: Շնորհակալություն հայտնելով գործող աշխատակազմին մինչ այժմ կատարած աշխատանքի համար՝ քաղաքապետը միևնույն ժամանակ խոսել է այն խնդիրների մասին, որոնց լուծման ուղղությամբ հարկավոր է դրսևորել սկզբունքային մոտեցում:
«Ինձ համար աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների: Ինձ համար մարդը կամ սիրում է Երևանը, աշխատում է, ծառայում է մեր քաղաքին ու երևանցիներին, կամ՝ ոչ»,- նշել է քաղաքապետը:
Հայկ Մարությանն ընդգծել է, որ աշխատակազմից ակնկալում է թափանցիկ աշխատանք՝ օրինականության սահմաններում, միևնույն ժամանակ վստահեցրել է, որ օրինազանցության ցանկացած դեպք իրավական հետևանք է ունենալու: Քաղաքապետ Մարությանը նաև խոսել է Ավանում առկա մի շարք խնդիրների մասին: Մասնավորապես, օրերս պարզվել է, որ Ավանի մշակույթի տան սաների ծնողներից գանձվում է ավելի մեծ վարձավճար, քան մուտքագրվում է բյուջե:
«Այսուհետ, եթե լինեն ոչ թե թերացումներ, այլ օրենքի խախտումներ, ես կանգ չեմ առնելու ոչ մի բանի առաջ: Մեր պետությունն անցել է նոր փուլ, սա արդեն նոր Հայաստանն է, և մենք պետք է ընդունենք նոր Հայաստանի օրենքները: Եվ եթե կան մարդիկ, ովքեր խախտում են այդ օրենքը, անկախ նրանից՝ ով են, ում բարեկամն են, պետք է պատժվեն», – նշել է քաղաքապետը:
Քաղաքապետը նաև հորդորել է վարչական շրջանի աշխատակազմին՝ իրենց պարտականությունների բերումով ամեն կերպ աջակցել քաղաքապետարանի ստորաբաժանումների աշխատանքներին:
Հայկ Մարությանը համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանի նոր ղեկավար Արա Դանիելյանը կառավարման ոլորտում ունեցած իր փորձն ու մասնագիտական որակները լավագույնս կծառայեցնի Ավանի զարգացմանն ու արդյունավետ կառավարմանը: