ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին:
Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքանացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին»:
Հիշեցնենք, դեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմացից շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 1961 թվականին ծնված Շիրակի մարզի բնակիչը, ով հիվանդանոցում մահացել է: Նրա մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա»:
Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):
Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:
Դեպքի հետ կապված ռուսական ռազմաբազայի զինծառայող է ձերբակալվել: