Դատարան է ուղարկվել «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ում պաշտոնեական կեղծիքի միջոցով կատարված յուրացման վերաբերյալ քրեական գործը

Ավարտվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման եղանակով զգալի չափերի գումար  հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը:

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզպետարանի ենթակայությամբ գործող «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը 2016թ. հունվարի 25-ից մինչև 2017թ. հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում իր մտերիմ Է. Հ.-ին պատկանող Ա/Ձ-ի հետ կնքված պայմանագրերով նախատեսված ապրանքներից զգալի չափով մատակարարված չլինելու պայմաններում իր ստորագրությամբ և բժշկական կենտրոնի կնիքով հաստատել է այդ ապրանքները հիշյալ ընկերություն մուտքագրվելու  վերաբերյալ բովանդակությամբ կեղծ հաշիվ-ապրանքագրեր: Դրանց հիման վրա Ա/Ձ-ին փոխանցված՝ բժշկական կենտրոնին պատկանող զգալի չափերով գումարը հետագայում անձամբ ստանալով՝ յուրացրել է, ինչից հետո իր ստորագրությամբ վավերացրել է հիշատակված ապրանքները ընկերության կարիքների համար օգտագործվելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ ֆակտուրաները:

Նկարագրված արարքը կատարելու համար «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքննության ընթացքում վերջինս կամովին վերականգնել է պետությանը պատճառված վնասը։

2018թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ստացվել է մեղադրական եզրակացությունը, որը հաստատվել է գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործի հետ միասին ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել