2018 թ-ին ի՞նչ է արվել աղետի գոտում և դեռ ի՞նչ պետք է արվի. կներկայացվի կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցը

Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 7-ին արտագնա նիստ կգումարի Գյումրիում, կապված 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժի օրվա 30-րդ տարելիցի հետ:

Օրակարգում 3 հարց է:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը կներկայացնի աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցը:

Զեկույցում նշվում է, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որոնցից 4839 ընտանիքի (շահառուների 90%) բնակարանային խնդիր լուծվել է 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին:

ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է մինչև 2020 թվականի տարեվերջ ավարտին հասցնել մնացած թվով 542 ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը:

Հարկ է նշել, ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով հատկացված 460.0 մլն. դրամի հաշվին ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կլուծվի ևս 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույցների ավարտմամբ: Այդ մասին ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի նիստում ընդունվել է համապատասխան որոշում, որի համաձայն կիսակառույցների շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2019 թվականի մարտին և ավարտել մինչև դեկտեմբերի 1-ը:

Արդյունքում, դեռևս լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար կպահանջվի մոտ 3.5 մլրդ. ՀՀ դրամ (գումարը հաշվարկված է ֆինանսական աջակցության տրամադրման համար և բնակարանային ապահովման ուղղությունը բնակարանային շինարարություն դիտարկելու դեպքում այն կփոփոխվի՝ աճման միտումով):

Ընդ որում, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված է 560.0 մլն. դրամ:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի նիստում ընդունվել է համապատասխան որոշում, որով նախատեսվել է, որ համապատասխան համայնքների ղեկավարների կողմից պետք է իրականացվի բոլոր ոչ հիմնական շինությունների փաստագրում, փաստագրման արդյունքում պետք է կազմվեն գրաֆիկական և աղյուսակային նյութեր, որի վերաբերյալ ամփոփված տեղեկատվությունը մինչև տարեվերջ պետք է ներկայացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտե, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

Փաստագրման արդյունքների հիման վրա ՀՀ քաղաքաշինության կոմիտեն՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ համատեղ, պետք է մինչև 2019 թվականի հունիսի վերջ մշակի առաջարկություններ՝ տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու (այդ թվում՝ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման) և քաղաքաշինական փաստաթղթերի  պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ:

Դրա հետ մեկտեղ, աղետի գոտու բնակավայրերում 2018 թվականի պետական բյուջեով հատկացված մոտ 460.1 մլն. դրամ միջոցնեերի հաշվին իրականացվել են կրթական, մշակութային և մարզական օբյեկտների կառուցման և վերակառուցման աշխատանքներ, որոնցից`

  • 24.3 մլն.դրամի հաշվին ավարտվել են ՀՀ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի համայնքային մարզադաշտի բարեկարգման աշխատանքները,
  • 435.8 մլն.դրամի հաշվին ավարտվել են ՀՀ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի 43 տեղով մանկապարտեզի կառուցման աշխատանենրը և շարունակվել են 3 կրթական օբյեկտների (Վանաձոր քաղաքի թիվ 18 դպրոց, Միքայել Թավրիզյանի անվան արվեստի դպրոց և գյուղատնտեսական քոլեջի մարզադահլիճ) վերակառուցման աշխատանքները:

Նշված 3 օբյեկտերի վերակառուցման աշխատանքները կշարունակվեն 2019 թվականի ընթացքում` պետական բյուջեով հատկացված 893.8 մլն.դրամ միջոցների հաշվին (2018 թվականին կատարված և 2019 թվականին կատարվելիք աշխատանքների վերաբերյալ տեղեկանքը կցվում է):

Բացի այդ, 2018 թվականին միջազգային համագործակցության շրջանակներում ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի աջակցությամբ Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի գնահատման (սեյսմիկ շրջանացման) նոր քարտեզի կազմման աշխատանքներին: Կազմված նոր քարտեզի հիման վրա ներկայումս ընթանում են սեյսմակայուն շինարարության նորմերի վերանայման աշխատանքները:

Միաժամանակ, ելնելով հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակի բարձրացման հանգամանքից և սեյսմակայուն շինարարության գործող նորմերի պահանջներից` 2019 թվականին նախատեսվում է կարգավորել գոյություն ունեցող շենքերի փաստացի տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման հետ կապված գործընթացը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել