Ապագայում վարչապետը ցուցմունք տալու է՝ մեղադրյալի կարգավիճակում. Դավիթ Շահնազարյան

ՀՀԿ համամասնական ցուցակում ներառված պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանն այս պահին մամուլի ասուլիս է տալիս՝ իրեն Ազգային անվտանգության ծառայություն հրավիրելու պատճառների մասին:

Դավիթ Շահնազարյանը նշում է, որ երբ նա հրավիրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին քննարկել Արցախի վերաբերյալ նրա պնդումները, Փաշինյանն ասել է նրան. «Արցախի հարցը կքննարկես ԱԱԾ-ում»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որի համաձայն, նոյեմբերի 27-ին «Հայելի ակումբ»-ում տեղի է ունեցել Դավիթ Շահնազարյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում անդրադառնալով Թալինում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե՝ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը», Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ՝ «…Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանն, իրականում դա քաղաքական ծրագիր է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն: Ես խոստանում եմ, որ դուք բոլորդ դրանում կհամոզվեք: Այնպես, որ Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը», ըստ էության դրանով իսկ ներկայիս իշխանությանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ:

ԱԱԾ-ն Շահնազարյանին հրավիրել է ծառայություն, սակայն վերջինս չի ներկայացել և այժմ պարզաբանում է, թե ինչու:

«Ես տվել եմ քաղաքական գնահատական և պատասխանատու եմ իմ ամեն բառի համար: Ինչի՞ վարչապետը վախեցավ երեկ գա, նա ցուցմունք չէր տալու, բայց չկասկածեք, որ ապագայում վարչապետը ցուցմունք տալու է՝ մեղադրյալի կարգավիճակով: Սա սպասռնալիք չէ, սա խոստում է: Եվ այդ դեպքում արդեն իրավապահ մարմինները կտան իրավական գնահատական»,-նշեց Դավիթ Շահնազարյանը:

Նա նշեց, որ այսօր Հայաստանում իրավապահ կառույցներ գոյություն չունեն, դրանք դարձել են պատժից կառույցներ:

«Սա քաղաքական հետապնդում է և ուղղված է ոչ միայն իմ դեմ: Սա փորձ է վախեցնել այն մարդկանց և դրանց թիվը շատ մեծ է, որոնք պատրաստվում են քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Այն, ինչ նրանք պատրաստվում են անել Արցախի հարցում, թույլ չենք տալու»,-նշել է նա:

Դավիթ Շահնազարյանը նաև հայտարարեց, որ նրան և իր նման հարյուրավոր մարդկանց չկարողացավ կանգնեցնել ԽՍՀՄ-ն. «Խորը շունչ քաշեք և խելքներդ գլուխներդ հավաքեք»:

ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության երաշխավոր, և նկատի ունենալով, որ 27.11.2018թ. և 04.12.2018թ. տեղի ունեցած ասուլիսներում Դավիթ Շահնազարյանի հնչեցված հայտարարություններում առկա են պետական դավաճանության հանցակազմի հնարավոր տարրեր (թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության), նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-177-րդ հոդվածների կարգով հայտարարությունը դիտվել է որպես հաղորդում առանձնապես ծանր հանցագործության մասին, որը նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի կարգով քննարկվում է ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտում և ստուգվում են քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել