ՄԻՊ-ը քրեական հետապնդման մարմիններին գրություն է ուղարկել երկու կուսակցությունների պատգամավորի թեկնածուների հետ կապված դեպքերի վերաբերյալ

Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու առաջին իսկ պահից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է անկախ մշտադիտարկում։

Ընտրական գործընթացի հետ կապված բոլոր այն միջադեպերը, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշներ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել են և ուղարկվել քրեական հետապնդման մարմիններին՝ բարձրացնելով դրանց առնչությամբ համապատասխան վարույթներ նախաձեռնելու հարց, ինչպես նաև պարզաբանումներ ձեռնարկված միջոցների մասին։

Մասնավորապես, այս պահին գրություններ են ուղարկվել ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու,  «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավն Ապարան քաղաքում խոչընդոտելու և այլ դեպքերի վերաբերյալ։

Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով:

Քարոզարշավի ամբողջ ընթացքում և ընտրությունների օրն աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկելու է ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները: Միաժամանակ ապահովելու է Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի պատշաճ քննարկումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել