Շուռնուխում ԼԳԲՏ անձանց հանդեպ բռնություն կիրառելու համար մեղադրվողները կարող են ազատվել քրեական հետապնդումից

Գորիսի քննչական բաժինը Շուռնուխում ԼԳԲՏ անձանց վրա խմբակային հարձակման գործը կարճել է:

2018թ. օգոստոսի 3-ին Գորիսի մոտակայքում գտնվող Շուռնուխ գյուղում մոտ 30 հոգի հարձակվել էր 9-ը երիտասարդների վրա, հայհոյել ծեծել, քարերով հարվածել ու վտարել գյուղից: Հարձակման պատճառը երիտասարդներից մի քանիսի սեռական կողմնորոշումն էր:

Քննիչ Սմբատ Բալույանը գործը կարճելու հիմք է ընդունել այս տարվա նոյեմբերին արձակված համաներման ակտը:

Հայտնում ենք, որ իրավապահ մարմինը չի ապահովել տուժող կողմի իրավունքների պատշաճ իրացումը՝ հնարավորություն չտալով մինչեւ գործի վարույթը կարճելը տեղեկանալ գործի նյութերին. նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:30-ին, Գորիսի քննչական բաժինը տուժող կողմին էլեկտրոնային նամակով ծանուցում է ուղարկել, որպեսզի նոյեմբերի 28-ին՝ առավոտյան ժամը 09:00-ին, տուժողները ներկայանան Գորիսի քննչական բաժին՝ գործի նյութերին ծանոթանալու: Հարկ է նշել, որ էլեկտրոնային նամակով ծանուցում ուղարկելու կարգ օրենսդրությամբ նախատեսված չէ, բացի այդ՝ այսպիսի սեղմ ժամկետի նախատեսումը գրեթե անհնարին է դարձնում տուժող կողմի իրավունքների իրացումը գործին ծանոթանալու եւ նախաքննության թերի լինելու պարագայում գործով միջնորդություններ ներկայացնելու մասով:

Ուշադրության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը կայացվել է այն օրը, երբ տուժող կողմը պետք է ծանոթանար գործի նյութերին: Այսինքն՝ գործի նյութերին ծանոթանալու ծանուցումը ձեւական բնույթ էր կրում, քանի որ վարույթն իրականացնող մարմինը արդեն նախապես պատրաստել էր կարճման որոշումը՝ առանց տուժող կողմի կարծիքը հաշվի առնելու:

Իրավապահ մարմնի՝ գործի վարույթը կարճելու այսպիսի հապճեպությունը տեղիք է տալիս կասկածելու, որ նախաքննության ընթացքում կողմնակալ վերաբերմունք է դրսեւորվել գործի նկատմամբ, ինչը նոր երեւույթ չէ Հայաստանի իրավապահ մարմինների գործելաոճում, երբ տուժողների թվում են լինում ԼԳԲՏ անձինք:

Իրավախախտների, նրանց աջակիցների, Շուռնուխի համայնքապետի հարցազրույցներից, Փինք Արմենիայի տրամադրության տակ գտնվող եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացված տեսանյութերից ու ձայնագրություններից, ինչպես նաեւ ենթադրյալ իրավախախտների ցուցմունքներից, ակնհայտ է, որ հարձակումը, գործադրված ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունը, հնչեցված ատելության խոսքերը պայմանավորված են եղել տուժողների իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշմամբ:

Այն, որ Շուռնուխում տեղի ունեցածը ոչ թե հասարակ հանցագործություն է, այլ տուժողների որոշակի անձնական հատկանիշով պայմանավորված ատելության հիմքով հանցագործություն, ակնհայտ պետք է լիներ նախաքննության մարմնի համար։ Մինչդեռ ի սկզբանե քրեական գործ հարուցվել եւ քննությունը տարվել է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ ծեծով, որի առավելագույն պատիժը երկու ամիս կալանքն է:

Սակայն, հարկ է անդրադառնալ այն փաստին, որ ՀՀ քրեական օրենսգրքում ատելության հիմքով հանցագործության համար հատուկ կարգավորումների բացակայությունը թույլ չի տալիս որոշակի խմբի նկատմամբ անհանդուրժողականությամբ, թշնամանքով պայմանավորված արարքներին տալ համապատասխան քրեաիրավական որակում։

Հետեւաբար, այս իրավիճակում, տուժողների սահմանադրական իրավունքների խախտում է դրսեւորվել ոչ միայն նախաքննության մարմնի կողմից ընթացակարգային նորմերի խախտման արդյունքում, այլ նաեւ օրենսդրական բացով պայմանավորված։

Փինք Արմենիան պատրաստվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը արդարությունը վերականգնելու, համապատասխան կարգավորումներ ներպետական օրենսդրության մեջ ներդնելու եւ ԼԳԲՏ անձանց նկատմամբ սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հիմքով խտրականությամբ պայմանավորված հետագա ոտնձգությունները կանխելու ուղղությամբ:

Փինք Արմենիա

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել