Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 28-ին որոշում է ստորագրել ներհամայնքային միկրոավտոբուսային մի շարք երթուղիների ժամանակավոր սպասարկման և շարժակազամերի ժամանակավոր գրանցման կտրոնների ժամկետները երկարաձգելու մասին: Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի հ.762 որոշմամբ հաստատված կարգի 62-րդ կետի 1-ին ենթակետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի 27.11.2018թ. հ.14/24620 զեկուցագիրը.
1.Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիների սպասարկման իրավունքը ժամկետների ավարտից հետո, մինչև նոր մրցույթների անցկացումը և դրանց արդյունքների ամփոփումը, վերապահել դրանք փաստացի սպասարկող կազմակերպություններին և թույլատրել դրանց կողմից երթուղիների ժամանակավոր սպասարկումը։
2.Առաջարկել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին՝ երկարաձգել Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային մի շարք երթուղիների շարժակազմերի ժամանակավոր գրանցման կտրոնների ժամկետները՝ համաձայն հավելվածի։
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ սույն որոշման հավելվածում նշված երթուղիների համար կնքված ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ։
4.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ սույն որոշման հավելվածում նշված երթուղիների համար կնքված երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա։
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի խորհրդական Ա.Գևորգյանը»: