Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին:
Շնորհակալություն հայտնելով գործող աշխատակազմին և վարչական շրջանի նախկին ղեկավարին կատարված աշխատանքի համար՝ քաղաքապետը նկատել է, որ տարբեր ոլորտներում խնդիրներն ու անելիքները շատ են, իսկ դրանք լուծելու և իրագործելու համար անհրաժեշտ է բազմապատկել ջանքերը:
«Մեր աշխատանքը բառի բուն իմաստով ծառայություն է, որին պետք է նոր շունչ տանք: Սա այն ժամանակահատվածն է, երբ լինելու է ավելի գերլարված և գերծանրաբեռնված աշխատանք: Մենք ավելի շատ ենք շփվելու մեր բնակիչների հետ, ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու խնդիրներին, գույքագրելու դրանք և քայլ առ քայլ լուծելու»,-շեշտել է Հայկ Մարությանը: Նրա խոսքով՝ եթե այլ գերատեսչություններում աշխատանքի արդյունքները կարող են տեսանելի դառնալ տարիներ հետո, ապա քաղաքապետարանի դեպքում դա նկատելի է դառնում և գնահատվում միանգամից:
«Ցավոք սրտի, մարդիկ այսօր զարմանում են պաշտոնյաների նորմալ կեցվածքից, պարտականությունները կատարելուց և այլն: Սա ի՞նչ է նշանակում, որ նախկինում այդպես չի արվել և հիմա նորմալ մոտեցումը դարձել է զարմանքի առարկա: Մենք պետք է անենք այնպես, որ մեր աշխատանքը դառնա սովորական»,-հատկանշել է քաղաքապետը:
Հայկ Մարությանն ընդգծել է՝ պրոֆեսիոնալիզմը գնահատվելու է, իսկ թերացումների դեպքում մոտեցումները կլինեն խիստ:
«Մենք պետք է միայն առաջ նայենք, իսկ հետ նայենք՝ միայն սխալներն ուղղելու համար: Եթե որևէ մեկը շեղվեց ճիշտ և արդար ճանապարհից, ապա ես կանգ չեմ առնելու ոչ մի բանի առաջ՝ նաև քերական գործեր հարուցելու»,-նշել է Հայկ Մարությանը:
Երևանի քաղաքապետը նաև հավելել է, որ այս փուլում հնարավորություն է ընձեռված իրական ազդեցություն ունենալու քաղաքի զարգացման գործում: