Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացվում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Ճանապարհահատվածի կառուցումը նախատեսված է եղել դեռևս 1971 թվականին՝ Երևանի գլխավոր հատակագծով, որը վերահաստատվել է 2005 թվականի Գլխավոր հատակագծով:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Այս ճանապարհահատվածը մաս է կազմում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի, որի կառուցման նպատակն է բեռնաթափել Երևանի առկա փողոցների ցանցը՝ հնարավորություն տալով նվազեցնել խցանումները, երթևեկության ժամանակը, և որպես հետևանք՝ օդի աղտոտվածությունը: Այս ճանապարհահատվածի կառուցմամբ ուղիղ կապ է հաստատվում Եղվարդի խճուղու և Մ-1 միջպետական ճանապարհի, ինչպես նաև Հալաբյան և Չաուշի փողոցների միջև: Ճանապարհի կառուցման շնորհիվ էապես նվազելու են Մելքումով, Ֆուչիկի, Մարգարյան, Հալաբյան փողոցների ներկայիս բեռնվածությունը և առկա խցանումները, և որպես հետևանք, նվազելու է նաև երթևեկության տևողությունը:
Վերոնշյալ խնդիրների լուծման առավելագույն արդյունավետության համար ճանապարհը նախագծվել է որպես անընդհատ երթևեկության մայրուղի (առանց լուսացույցային կառավարման)՝ հանդիպակաց երթևեկելի գոտիների տարանջատմամբ և երթևեկության անվտանգության բարձր չափանիշներով:
Վերոհիշյալ նպատակների իրագործման համար Դավթաշեն-Աշտարակ հատվածը նախագծվել և կառուցվում է որպես անընդհատ երթևեկությամբ ճանապարհ, ընդ որում, ապահովվել է մուտք հատվող բոլոր փողոցներից, տարանջատվել են հանդիպակաց երթևեկելի գոտիները, երթևեկության առավելագույն ճկունություն ապահովելու նպատակով ճանապարհի երկայնքով նախատեսվել է երկկողմանի հետադարձ կատարելու հնարավորություն։ Ճանապարհի գծանշումը իրականացվելու է լուսանդրադարձնող գծանշմամբ:
Ճանապարհաշինարարական աշխատանքները սկսվել են դեռևս խորհրդային տարիներին, սակայն դադարեցվել են Խորհրդային Միության փլուզման հետևանքով: Մինչև ճանապարհաշինարարական աշխատանքների սկիզբը իրականացվել են տարածքի բնապահպանական ուսումնասիրություն, հանրային լսումներ, կազմվել է համապատասխան բնապահպանական հաշվետություն, իրացվել են ճանապարհի անմիջական ազդեցության տակ ընկնող գույքը, որից հետո միայն մեկնարկել են ճանապարհաշինարարական աշխատանքները, որոնք ներկայումս ավարտական փուլում են:
Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի այն հատվածի համար, որտեղ առկա են հարակից տնատիրություններ՝ ուղիղ ելքով դեպի փողոց, կառուցվել է լրացուցիչ սպասարկման ճանապարհ՝ անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով: Այն բնակիչները, որոնց կողմից բարձրացվել է անցումների առկայության խնդիրը, բնակվում են Դավթաշեն վարչական շրջանի հենց այս հատվածում:
Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով նախատեսված են հինգ հետիոտնային անցումներ, ևս մեկ անցում կլինի ճանապարհի անմիջական հարևանությամբ։
Անցումներից մեկը ստորգետնյա է, մեկը՝ վերգետնյա՝ վերելակով, իսկ մյուս չորսը՝ (3-ը՝ ճանապարհի երկայնքով, 1-ը՝ ճանապարհի անմիջական հարևանությամբ) ճանապարհի հետ նույն մակարդակի վրա՝ համապատասխան լուսանդրադարձնող գծանշմամբ: Ի դեպ, վերգետնյա անցումը կառուցված է այն հատվածում, որի անմիջական հարևանությամբ (մինչև այս ճանապարհահատվածի կառուցումը նույնպես) Մելքումով փողոցը կապված է եղել Դավթաշեն վարչական շրջանին: Այս միացումը նույնպես պահպանված է: Արդյունքում՝ Մելքումով փողոցը կապվել է Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի հետ:
Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածը մաս է կազմելու Երևանի ճանապարհային ցանցի, իսկ մեքենաների թույլատրելի արագություն է սահմանվել 60 կմ/ժ-ը:
Այսպիսով՝ Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածը ապահովում է ինչպես հետիոտների տեղաշարժը ճանապարհի մի մայթից մյուսը՝ ճանապարհի ամբողջ երկայնքով, այնպես էլ մեքենաների տեղաշարժը Եղվարդի խճուղու, Մ-1 միջպետական ճանապարհի, Հալաբյան ու Չաուշի փողոցների և հարակից երկրորդային փողոցների ու տնատիրությունների միջև:
Հետիոտնային անցումների տեղադիրքը նշված է կից ներկայացվող հատակագծում: