Հայկ Մարությանը և Արայիկ Հարությունյանը հանդիպել են դպրոցների տնօրենների հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ: Հանդիպման առիթը ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում տնօրեններին և ուսուցիչներին օրինականության սահմաններում պահելու խնդիրն է: Երևանի քաղաքապետն այս կապակցությամբ շեշտել է, որ ոլորտի աշխատակիցներն աշխատանքային ժամերին պետք է ներգրավված լինեն միայն կրթական գործընթացներում:

«Աշխատանքային ժամերին քաղաքական հարցերով և քարոզչությամբ չի կարելի զբաղվել: Սա այսուհետ իրականություն է: Երևանի քաղաքապետարանի և կրթության և գիտության նախարարության կողմից, այլ գերատեսչությունների կողմից չեն լինելու ձեզ զանգեր և եթե անգամ այդպիսի զանգեր լինեն՝ անպայման մեզ տեղեկացրեք: Այսօրվա մեր հավաքի իմաստը հենց այն է, որ ոչ թե ես ձեզ ասեմ չի կարելի, մի արեք, ո՛չ, ես ուղղակի ուզում եմ իսկապես պաշտպանել ինձ, ձեզ, բոլորիս աղմկահարույց իրավիճակներից, որովհետև վստահ եմ, որ մենք չենք ուզում հայտնվել այդ իրավիճակում, և դրա կարիքն էլ չկա այսօր»,– նշել է քաղաքապետը:
Քաղաքապետը տնօրեններին առաջարկել է բոլոր դիտարկումները փոխանցել նաև կրթօջախների աշխատակիցներին, որպեսզի դպրոցներում նաև ծնողական համայնքների հետ հանդիպման ժամանակ բացառվեն նախընտրական նյութերի տարածումն ու քարոզչության իրականացումը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին նշել է, որ այս առումով Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արդեն իսկ հաջողված նախադեպ կա:
«Բոլոր այն կետերը, որոնք պարոն քաղաքապետը թվարկեց, լիարժեք պահվել են դպրոցներում Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Եվ վստահ եմ, որ առաջիկա ընտրությունների ժամանակ նույն ոգով շարունակելու ենք»,– նշել է ԿԳ նախարարը:
Տնօրենների հետ հարց ու պատասխանի միջոցով Երևանի քաղաքապետն անդրադարձել է նաև ոլորտում առկա խնդիրներին, դրանց լուծման ուղիներին ու ներկայացրել իր դիտարկումներն ու մոտեցումները:

Տեսանյութը և լուսանկարները՝ Երևանի քաղաքապետարանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել